1596 դիտում
15:16 28-03-2017
ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով Բուրյաթիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Մարտի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Տեսաժողովին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ:
Բուրյաթիայից տեսակապով միացել էին ՌՀՄ Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ Մարսել Հարությունյանը, պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը, համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց տեսաժողովի մասնակիցներին, կարևորեց համայնքի հետ կապերի ակտիվացումը, որը կնպաստի նախարարության ծրագրերին առավել գործուն մասնակցությանը: Նախարարը մասնավորապես նշեց. «Համայնքը հայ պահելու, ազգային ինքնությունը պահպանելու հզոր գործոն է հայոց լեզվի պահպանումը: Կոչ եմ անում բոլորիդ տանը խոսել հայերեն, այդպես մեր երիտասարդներին հայ կպահենք: Եվ մյուս խնդրանքս է՝ բոլոր ուժերը միավորել դպրոցը վերաբացելու համար: Դպրոցն է պահպանում հայկականությունը, լեզուն, մշակույթը, ազգային ավանդույթները: Մենք կօգնենք դասագրքերով, ուսումնաօժանդակ նյութերով, անհրաժեշտ ամեն ինչով: Անգնահատելի է հայ ուսուցիչների դերը հայ երիտասարդներ կրթելու գործում: Եվ վերջապես հայապահպանության հզոր գործոն է նախարարության ծրագրերին նրանց ակտիվ մասնակցությունը, որը կնպաստի հայրենաճանաչությանը և Հայրենիքի հետ նրանց կապի ամրապնդմանը: Կարծում եմ, ամեն հայ պետք է տեսնի Հայաստանը, միայն այդպես հայ երեխան կմտածի հայ մնալու մասին: Պետք է մտածենք մեր հնարավորությունների, գիտելիքների, կապերի միջոցով հասնել Հայաստանի վարկանիշի բարձրացմանը: Սա պետք լինի յուրաքանչյուր հայկական համայնքի խնդիրը»:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերը, հրավիրեց մասնակցելու այդ ծրագրերին: Ծրագրերի պայմաններին և նպատակներին ավելի հանգամանորեն ծանոթացրեց Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:
Ելույթ ունեցան Բուրյաթիայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Վահե Տոնականյանը, նախագահի տեղակալ Մարսել Հարությունյանը: Նրանք անդրադարձան համայնքի հաջողություններին, նշեցին, որ 2015թ. ապրիլի 26-ին Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում հայկա¬կան համայնքի նախաձեռնությամբ տեղադրվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար և կազմակերպվել ծառատունկ, տնկվել է 100 թխկի: Հպարտությամբ հավելեցին շախմատային, ֆուտբոլային ակումբները հաղթանակների, պարային համույթի հաջող ելույթների մասին: Նշեցին, որ ամեն ինչ կանեն կիրակնօրյա դպրոցը վերաբացելու համար:
Պարախմբի ղեկավար Երվանդ Կալաչյանը պատմեց անսամբլի հաջողությունների մասին, խնդրեց ազգային տարազների, հայկական զարդանախշերի նմուշներ, էսքիզներ ուղարկել:
Համայնքի ղեկավարը ներկայացրեց առաջիկա ծրագրերը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Նա նշեց, որ Հայաստանում տուրիզմի զարգացման համար լավ կլիներ Ուլան Ուդե-Երևան ուղիղ ավիաչվերթներ կազմակերպել և տուրիստական հատուկ ծրագրեր ստեղծել: Եվ վերջում հավաստիացրեց, որ այս տարի անպայման կմասնակցեն նախարարության ծրագրերին, հույս հայտնեց, որ համագործակցությունը ավելի ակտիվ և արդյունավետ կլինի:
Նմանատիպ նյութեր
3469 դիտում
12:50 22-04-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսաժողով՝ Լոս Անջելեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
769 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
625 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին