194110 դիտում
14:20 28-03-2017
Առեղծվածային սպանություն Կոտայքի մարզում. Hyundai ավտոմեքենայում հայտնաբերվել է ադամանդի բիզնեսով զբաղվող 47-ամյա տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Hyundai մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լայերտ Գրիգորյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մանուկյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են հրազենային վնասվածքների հետևանքով մահացած 45-50 տարեկան տղամարդու դի։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նոր Հաճն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, 47-ամյա Վախթանգ Մարգարյանն էր, ով զբաղվում էր ադամանդի առք ու վաճառքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ ներգրավված քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Երևանից դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել է նաև Կոտայքի մարզի դատախազը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վ. Մարգարյանի անվամբ։
Քննչական խմբի ղեկավարի հանձնարարությամբ դին տեղափոխվեց Աբովյանի դիահերձարան, որպեսզի դատաբժիշկներն ավելի մանրամասն կատարեն դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Այս պահին դեպքի վայրում տեղազննություն են կատարում ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Արա Պողոսյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+