8158 դիտում
11:30 24-03-2017
Արտակարգ իրավիճակ Կոնդում. ջրատար խողովակների անավարտությունը, աղբի հսկայական կուտակումները և նմանատիպ այլ հարցեր լուրջ վտանգ են ներկայացնում բնակիչների համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևան քաղաքի ամենահին թաղամասը՝ Կոնդը, այսօր ունի բազմաթիվ խնդիրներ: Դրանցից են, մասնավորապես, այն, որ Կոնդի փողոցի 15 տունը գնալով քար ու քանդ է լինում տան հետնամասով անցնող ջրատար խողովակների անավարտ մնալու պատճառով:
Ջուրը ներծծվում է հողի մեջ, ինչի հետևանքով տան պատերը, բակի պատերը թուլանում են և, ինչպես նշեց տանտերը, ու ինքներս ականատես եղանք, իրական վտանգ կա, որ այն օրերից մի օր կփլվի:
Բացի դա, այդ նույն տան հարևանությամբ առկա են մեծ քանակի աղբի կուտակումներ, որոնք նույնպես լուրջ վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Դրանք վարակիչ հիվանդությունների պատճառ կարող են հանդիսանալ: Միակ ճանապարհը, որով ամեն օր մեծ թվով քաղաքացիներ են անցնում, նույնպես կարող է օրերից մի օր փլվել:
Խնդիրների մասին, ինչպես նշեցին բնակիչները, հայտնել են, թե թաղապետարանին, թե քաղաքապետարանին, սակայն դեռևս «մատը մատին չեն տվել», իսկ բնակիչները շարունակում են ապրել ահ ու սարսափով՝ հույս ունենալով, որ իրենց համար պատկան մարմինները գոնե այս նախընտրական շեմին կանհանգստանան:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+