211652_close_icon
views-count6843 դիտում article-date 21:16 23-03-2017

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 23-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց սփյուռքի համայնքների պատմության, մշակույթի, գրականության, լեզվի հիմնախնդիրների գիտական համակողմանի ուսումնասիրությունը, որը նպաստում է ճիշտ և նպատակային իրակակացնելու համար նախարարության աշխատանքը, հիմնական ծրագրերը: Նախարարը մասնավորապես նշեց. «Ուրախ եմ և պատիվ ունեմ ողջունել ձեզ այս շնորհանդեսին, որտեղ ներկայացվել է գիտական կառույցների հետ մեր համատեղ գործունեության արդյունքը: Գիտական այս հետազոտությունները կօգնեն մեզ՝ ավելի համակողմանիորեն և խորությամբ ճանաչել սփյուռքի պատմությունը, ծանոթանալ համայնքների առանձնահատկություններին, հաշվի առնել առաջարկություններն ու եզրակացությունները: Ամեն տարի սփյուռքի նախարարությունը գիտական հետազոտությունների պատվերներ է տալիս ուսումնասիրությունների չորս ուղղություններով: Առաջինը՝ հայկական համայնքների պատմության, տեղաշարժերի վերաբերյալ ուսումնասիրություններն են, հարցերի երկրորդ խումբը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման իրավական խնդիրներին, երրորդը՝ լեզվի պահպանության, զարգացման, հարցերն են և չորրորդ ուղղությունը՝ սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղիների հետազոտությունները: Սիրով շնորհավորում եմ բոլորիս և շնորհակալ եմ համատեղ աշխատանքի արդյունքների համար»: Ներկաներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա շեշտեց, որ կարևոր է առավել արդյունավետ համագործակցությունը նախարարության հետ՝ սփյուռքի գիտական ներուժի հայտնաբերման, սփյուռքի գիտնականների հետազոտություններին ծանոթանալու և նրանց աշխատանքի արդյունքից օգտվելու առումով: Իր ողջույնի խոսքում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ շնորհանդեսին ներկայացվածները սոսկ գրքեր չեն, այլ հարցադրումներ ունեցող լուրջ հետազոտություններ: Այդ հարցադրումների շուրջ տարիներ շարունակ վիճում են գիտնականները, դրանք հետազոտության, ուսումնասիրության անսպառ աղբյուր են: Եվ դիմելով սփյուռքի նախարարին՝ ասաց. «Այդ առումով շատ եմ կարևորում այս շնորհանդեսը: Ձեր ղեկավարած կառույցի աշխատանքը դժվար է գերագնահատել: Շատ մեծ գործ է արվել»: Ելույթ ունեցան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, պ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատող, ֆիզիկա- մաթեմատիկական գիտությունների դոկտոր Էդուարդ Պողոսյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը, ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, ՍԴ խորհրդական Վլադիմիր Վարդանյանը, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Տիգրան Ղանալանյանը: Ներկայացվեցին «Հայկական համայնքները խորհրդային հանրապետություններում 1941-1991 թթ.», «Սիրիահայերի արդի իրավա-սոցիալական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում», «Հայ պարբերական մամուլի պատմություն» (1900-1922թթ.), «Գրական արևմտահայերենի ուսումնասիրության պատմություն», «Արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման ուղիները», «Գրական Սփյուռք-2016. Տարեգիրք», «Գրաբարի ներկայացումը համընդհանուր ցանցային լեզվի բառարանային համակարգում», «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի հասարակական-քաղաքական դիսկուրսում», «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում», «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները», «Ներքին տեղաշարժերը Հայկական սփյուռքում 1950-1980- ական թթ.» աշխատությունները: Ամփոփելով՝ սփյուռքի նախարարը նշեց, որ համագործակցությունը գիտական կատույցների հետ շարունակական կլինի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր