Բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում դասընթացներ են անցնելու. վարչապետ
Քաղաքացիների հետ համայնքային հանդիպումների ժամանակ պարզվում է, որ համայնքի ղեկավարները համայնքի զարգացման ծրագիրը շատ քիչ են քննարկել բնակիչների հետ: Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչներն առհասարակ տեղյակ չեն դրանց մասին կամ բարձրաձայնում են համայնքի համար կարևոր հիմնահարցեր, որոնք նույնիսկ տեղ չեն գտել այդ ծրագրի մեջ»,- ասաց վարչապետը:
Այդ առնչության վարչապետը Տարածքային կառավարման և զարգացման նախարարին ու մարզպետներին հանձնարարեց մեկամսյա ժամկետում վերանայել համապատասխան ծրագրերը, քննարկումներին լիարժեք ներգրավել համայնքների բնակիչներին, երեք շաբաթյա ժամկետում ընտրել համայնքների զարգացման 5-ամյա լավագույն ծրագրերը և դրանց վերաբերյալ քննարկում կազմակերպել կառավարությունում:
Բացի այդ, Կարեն Կարապետյանը կարևորեց մարզպետների կրթվածության աստիճանը և ասաց, որ Երևանում Ամերիկյան համալսարանի հետ արդեն համապատասխան պայմանագիր է կնքվել. «Ամերիկյան համալսարանի հետ արդեն, կարծեմ, կնքել ենք պայմանագիր, բոլոր մարզպետները Ամերիկյան համալսարանում համապատասխան դասընթացներ են անցնելու ռեգիոնալ կառավարման վերաբերյալ»:
Անդրադառնալով 250 համայնքների ղեկավարների համար իրականացվող ծրագրին, Կարեն Կարապետյանն ասաց, որ գերմանական կառավարության հետ իրականցվող ծրագրի շրջանակներում 250 համայնքների ղեկավարների ուսուցման աշխատանքները պետք է արագացնել: