Քաղաքական ուժերի ծրագրերում բազմաթիվ անիրատեսական խոստումներ կան. տնտեսագետներ
ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ծրագրերում բազմաթիվ են անիրատեսական խոստումները: Այս մասին այսօր մի խումբ տնտեսագետների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
«Առանց դրա էլ մեծ վստահություն չկա քաղաքական ուժերի ու ընտրությունների վերաբերյալ և դա ավելի սրվում է, երբ խոստումները դառնում են անիրատեսական: Դրանցից մեկն այն է, որ միևնույն քաղաքական ուժը խոստանում է իջեցնել հարկերը կամ հարկերից ազատել փոքր և միջին ձեռնարկությունները, բայց միևնույն ժամանակ նույն քաղաքական ուժը խոստումներ է տալիս բարձրացնել աշխատավարձերը, կենսաթոշակները և այլն»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Քննարմանը մասնակից մեկ այլ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նշեց, որ կուսակցությունների նախընտրական ծրագրերում բացակայում է տնտեսության զարգացման տեսլականը, չկա տնտեսության զարգացման ռազմավարություն: Եվ միայն 3 ուժերի ծրագրերում կան տնտեսությանը վերաբերող կոնկրետ դրույթներ:
Կառլեն Խաչատրյանը ևս անդրադարձավ կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման, պարտադիր կուտակային համակարգի վերացման մասին խոստումներին:
«Եթե միջին կենսաթոշակի թիվը բարձրացվի 25.000 դրամով, իսկ վերջին տվյալներով՝ ՀՀ-ում 468.000 թոշակառու կա, ապա ստացվում է, որ տարեկան մոտ 160-170 մլրդ հավելյալ դրամական միջոցներ են մտնելու շրջանառության մեջ: Մինիմալ աշխատավարձի պայմաններում, եթե այն սահմանում ենք 80 000 դրամ, ապա այստեղ էլ մոտավորապես 200-205 մլրդ դրամի կարգի է հասնում տարեկան շրջանառությունը: Տվյալ քաղաքական ուժը խոստանում է սա իրականացնել ոչ թե երեք կամ հինգ տարվա ընթացքում, այլ միանգամից:
Ստացվում է, որ առանց տնտեսական փոփոխությունների, առանց աճի, առանց որոշակի զարգացումների հավելյալ տարեկան մոտ 400 մլրդ դրամ դնում ենք շրջանառության մեջ: Պատկերացնո՞ւմ եք ինչ գնաճային ճնշումներ են տեղի ունենալու, դրանք հաստատ դրական չեն անդրադառնա թոշակառուի կամ աշխատողի վրա»,- պարզաբանեց Կառլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով ՓՄՁ-ներին հարկերից ազատելու խնդրին, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ ինքը դեմ է, որ 1,5 մլրդ դրամի շրջանառություն ունեցող ընկերությանն ազատեն հարկերից. «ՊԵԿ-ի հաշվետվությունը եթե նայենք, ապա հարկային եկամուտների մոտ 27 տոկոսն ապահովում են այդ ընկերությունները: Հիմա մենք արդյոք պատրա՞ստ ենք, մոտ 300 մլրդ դրամից հրաժարվել»: