7 անգամ «զոհված» ազատամարտիկ հոգևորականը կրկին պատրաստ է կռվին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդային տարիներին Ջիվան Հակոբյանը Երևանի դպրոցներից մեկում աշխատում էր որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Սպիտակի երկրաշարժի օրերին նա դարձավ փրկարար, որից հետո միացավ Արցախյան գոյապայքարին և դարձավ «Արաբո» ջոկատի հիմնադիրներից մեկը:
Որպես ջոկատի հիմնադիր-հրամանատար սկզբից մինչև վերջ անցավ Արցախյան պատերազմը: Վիրավորվեց մեկ անգամ, այն էլ շատ թեթև, սակայն Երևանում բնակվող նրա ընկերները, ընտանիքն ու հարազատները, ավելի քան յոթն անգամ լսեցին նրա զոհվելու լուրը:
Պատերազմից հետո նա մնաց ողջ և առողջ ու բանակի շարքերը լքելով, անցավ հոգևոր ծառայության:
[color=#CC0000]
Shamshyan.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում նա ցավով էր նշում, որ Ապրիլյան պատերազմի օրերին ծառայությամբ գտնվում էր Երուսաղեմում և նրան թույլ չտվեցին, իսկույն վերադառնալ Հայաստան և միանալ Արցախում գտնվող իր կամավորական ընկրներին:
Սակայն ուրախ է, որ մերօրյա զինծառայողներն արժանի հակահարվածը տվեցին հակառակորդին և նրա կարիքը չեղավ:
Ջիվանն Ապրիլյան պատերազմի օրերին Երուսաղեմից բազմաթիվ օրհնված խաչեր և խունկ է ուղարկել Արցախի սահմանապահ զինվորներին և օր ու գիշեր մոմ վառելով, աղոթել Քրիստոսի գերեզմանի առաջ:
Այսօր նա կրկին Երևանում է: ՀԱԹ-ի «Երկրապահ» կամավորականների միության ակտիվ անդամներից է և երիտասարդ սերնդի երկրապահների ավագ ընկերը:
Հարկ եղած դեպքում օգնության է հասնում նաև եկեղեցուն և ասում է, որ եթե պատերազմը նորից սկսվի` իսկույն կմեկնի մեր զինվորներին օգնության:
Լուսանկարները և տեսանյութը` Հայկ Կիսեբլյանի