211652_close_icon
views-count7969 դիտում article-date 21:53 09-03-2017

Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդականները Մարտի 8-ի առթիվ այցելեցին կին ազատամարտիկների շիրիմներին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի անդամները Կանանց միջազգային տոնի կապակցությամբ այսօր՝ մարտի 9-ին այցելեցին «Եռաբլուր» փառքի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու առյուծ հայուհիների՝ զոհված կին ազատամարտիկների շիրիմներին: Ձևավորված ավանդույթի համաձայն ուսանողները ծաղկեպսակ դրեցին կին ազատամարտիկների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցեցին՝ հպարտությամբ ու խոնարհումով ևս մեկ անգամ վերհիշելով նրանց անգնահատելի սխրանքը: Մեզ հետ ունեցած զրույցում Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը նշեց, որ այս միջոցառումը երկու նպատակ ունի. նախ և առաջ Մարտի 8-ը նաև մեր կին ազատամարտիկների տոնն է, այն մայրերի ու քույրերի, ովքեր կոտրելով կնոջ՝ թույլ էակ լինելու մասին բոլոր կարծրատիպերը, հայրենիքի համար օրհասական պահին ապացուցեցին, որ հայրենի հողի պաշտպանը պետք է լինենք բոլորս՝ կին թե տղամարդ: «Այս միջոցառմամբ նաև մեր հարգանքն ու խոնարհումն ենք ուղղում այն բոլոր առյուծածին մայրերին, ում որդիները երբեք տուն չեն վերադառնա և չեն շնորհավորի իրենց մայրերին այս տոնի առթիվ»,- նշեց Ս. Խառատյանը: Ուսանողները այցելեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և քառօրյա պատերազմի բովում զոհված մերօրյա հերոսների շիրիմներին: Հերոսները չեն մահանում. նրանք անմահանում են: Նրանց հոգիները կենդանի են, քանի դեռ հիշում ենք նրանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր