211652_close_icon
views-count65433 դիտում article-date 11:08 03-03-2017

Ոչխարների ու գառների համատարած սատկելու դեպք՝ Արագածոտնի մարզում. տուժածի հույսը վարչապետ Կարեն Կարապետյանն է. «Խնդրում ենք՝ սատար կանգնեք մեզ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 47-ամյա Նորայր Խալոյանը, ով մանկուց զբաղվում է ոչխարաբուծությամբ, հայտնվել է անօգնական վիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ն. Խալոյանն ասում էր. «Մանկուց ես զբաղվում եմ ոչխարաբուծությամբ և ոչ մի անգամ նման դեպք տեղի չի ունեցել։ Հաշված օրերի ընթացքում թե գառները, թե ոչխարները մեկը մեկի հետևից սատկում են։ Թե ինչն է եղել սատկելու պատճառը, այս պահին չգիտեմ։ 2 սատկած ոչխար տարել եմ Երևան՝ Ավանում գտնվող գլխավոր լաբորատորիա, որպեսզի պատասխանեն, որ ես էլ իմանամ իմ անելիքը, սակայն այնտեղից ասացին, որ՝ պատասխանը կստանաք մի շաբաթից։ Կարծում եմ՝ դա շատ ուշ է։ Իրենք պետք է օպերատիվ, գոնե 1-2 օրում պատասխանեն, որպեսզի կարողանանք եղած գառներին ու ոչխարներին փրկենք»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեռևս անհայտ պայմաններում սատկել է 75 ոչխար, 180 գառնուկներ։ Այս պահին Ն. Խալոյանի կողմից Երևան-Գյումրի ավտոճանապարհի հայտնի «Արծվի թևեր» կոչվող հատվածում վարձակալական հիմունքներով օգտագործվող գոմում կան գառներ ու ոչխարներ, սակայն նրանց մի մասը գրեթե անօգնական, թույլ վիճակում է, ու չկա երաշխիք, որ նրանք էլ չեն սատկի, մինչդեռ լաբորատորիան ուշացնում է պատասխանը տրամադրել։ «Մեր հույսը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է։ Մենք վարչապետից ու համապատասխան մարմիններից, տվյալ դեպքում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ու Արագածոտնի մարզպետարանից, գումար չենք ուզում, պարզապես խնդրում ենք, որ իրենք հաշվի առնեն մեր վիճակը և բանկերին միջնորդեն, իսկ դա, եթե վարչապետը ուզենա, կարող է անել, որպեսզի բանկերից վերցված մեր վարկը 1,5-2 տարով սառեցնեն, որից հետո, ինչպես միշտ ենք կանոնավոր վճարումները կատարել բանկերին, կշարունակենք։ Կրկին անգամ բարձրաձայնում ենք, որ մեր հույսը վարչապետն է, քանի որ ինքը նույնպես կողմ է աշխատատեղերի պահպանմանն ու ավելացմանը, իսկ մենք նրան հուսախաբ չենք անի»,-ասում էր Ն. Խալոյանը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր