Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 7-րդ դասարանի աշակերտին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Ադամյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, փետրվարի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 15։40-ի սահմաններում Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 43-ամյա Մարատ Սարիբեկյանը իր վարած Mercedes մակնիշի 15 ON 550 համարանիշի ավտոմեքենայով, Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 13-ամյա Նարեկ Մանասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ շտապօգնության ավտոմեքենայով երեխան, ով սովորում է Երևանի Լևոն Շանթի անվան 4-րդ հիմնական դպրոցի 7-րդ դասարանում, տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Մ․ Սարիբեկյանը աշխատում է «Դավիթ 97» ՍՊԸ- ում՝ որպես տնօրեն։
Նա ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ ավտոմեքենան վարել է սթափ վիճակում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի