211652_close_icon
views-count2205 դիտում article-date 17:28 23-02-2017

Առաջիկա խորհրդարանական ընտրությունն առաջինն է, որն անցկացվելու է ՀՀ նոր Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով. Հերմինե Նաղդալյան

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Սամվել Ֆարմանյանը հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակության անդամների հետ, ովքեր փետրվարի 21-24- ը դիտարկելու են ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական փուլը: Հանդիպման առանցքում եղել են Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները եւ ՀՀ նոր ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է դիտորդական առաքելությունների դերակատարությունը հանրապետությունում տեղի ունեցող ընտրությունների եւ հանրաքվեների ընթացքում: Նա նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունն առաջինն է, որն անցկացվելու է ՀՀ նոր Սահմանադրությամբ եւ Ընտրական օրենսգրքով: Տիկին Նաղդալյանը նշել է, որ ՀՀ իշխանությունների նպատակն է անցկացնել օրինական, արդար եւ ազատ ընտրություններ, ինչի հնարավորությունն ընձեռում են իրականացված բարեփոխումները, եւ որոնց գերակշիռ մասն իրականացվել է իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխհամաձայնությամբ: Այս համատեքստում նա նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը ենթարկվել է արմատական փոփոխությունների, ինչի արդյունքում բացառվելու են կրկնակի քվեարկությունների անցկացումը, տարբեր ընտրակեղծիքներն ու «հաղթողն ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ» սկզբունքը: Ըստ նրա՝ իրականացված լուրջ փոփոխությունները նպաստելու են հանրության շրջանում վստահության պակասի հաղթահարմանը, իսկ քաղաքական ուժերի ընտրապայքարը լինելու է մրցակցային եւ բովանդակալի: Տիկին Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է ԸՕ-ում կատարված սկզբունքային փոփոխությունները, խոսել համամասնական ընտրակարգից, խորհրդարանական կառավարմանն անցումից, խորհրդարանական ընդդիմությանը վերապահված իրավունքներից եւ այլն: Ընդգծվել է, որ ներդրվել են ընտրական գործընթացի հսկողության առավել թափանցիկ մեխանիզմներ, խստացվել է ընտրակեղծիքների համար պատասխանատվությունը, ներդրվել են ընտրողների նույնականացման եւ գրանցման թվային համակարգեր: Ընդդիմության պահանջին ընդառաջելով՝ կհրապարակվեն նաեւ ընտրությանը մասնակցած ընտրողների ցուցակները:

Նմանատիպ նյութեր