211652_close_icon
views-count1983 դիտում article-date 22:00 20-02-2017

Անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու համար. գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել անտառապետին: Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված քննությամբ պարզվել է, որ քաղաքացի Ս.Կռոյանը 2015 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության անտառապետի ժամանակավոր պաշտոնակատար և ի պաշտոնե պարտավոր եղել անմիջականորեն իրականացնել անտառպետության ղեկավարումը, ի թիվս այլ գործառույթների՝ հսկել տարածքում իրականացվող աշխատանքները, կանխարգելել, հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ ՀՀ անտառային օրենսդրության խախտումները։ Մինչդեռ, նախաքննության տվյալներով, նույն թվականի դեկտեմբերի կեսերին անտառպետության 7-րդ պահաբաժնի «Ռուդնիկ» կոչվող տեղամասում անտառապետը նկատել է, որ Լերմոնտովո գյուղի 3 բնակիչներ բենզասղոցներով և կացիններով ապօրինի հատել են տարբեր տրամագծերով ուռի, բոխի, թխկի, հաճար, կեչի, ՀՀ «Բույսերի Կարմիր գրքում» գրանցված արոսենի հայաստանյան տեսակի ծառեր և ճյուղեր, մասնատել են դրանք և պատրաստել՝ անտառից դուրս բերելու համար, սակայն ոչինչ չի ձեռնարկել՝ արձանագրված անտառախախտումներին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։ Քննության տվյալներով՝ անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով պետությանը պատճառվել է էական գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր