211652_close_icon
views-count923 դիտում article-date 14:39 06-11-2019

Դատարանի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակցի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հետ՝ ծնված 1967թ., որի ժամանակ դիտավորությամբ ոտքով մի քանի անգամ հարվածել է վերջնիս մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ աջ սրունքի զույգ ոսկրերի վերին երրորդականի ներհոդային, փակ, բազմաբեկոր, տեղաշարժված կոտրվածքների ձևով: Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Արդյունքում՝ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր