1590 դիտում
12:46 05-03-2015
Համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին
Համայնքի ղեկավարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, 2013թ. օգոստոսի 26-ին ՍՊ ընկերության հետ կնքել է կապալային աշխատանքների գնման պայմանագիր, որի համաձայն՝ ընկերության կողմից մինչև 2013թ. հոկտեմբերի 16-ը 3 մլն. 290 հազ. ՀՀ դրամի դիմաց համայնքում պետք է կատարվեին մասնակի նորոգման աշխատանքներ:
Հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելով, համայնքի ղեկավարը անձնական շահագրգռվածությունից ելնելով, սահմանված գումարի փոխարեն, ապրանք-աշխատանքի դիմաց փոխանակության սխեմայով հիշյալ ընկերությանն է տրամադրել մոտ 4 մլն. 810 հազ. ՀՀ դրամ արժողությամբ համայնքի սեփականությունը հանդիսացող 1000մմ տրամագծով մետաղյա խողովակներ` էական վնաս պատճառելով համայնքի օրինական շահերին:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում հարուցված քրեական գործով համայնքի ղեկավարը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ, գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: