211652_close_icon
views-count3953 դիտում article-date 19:38 18-02-2017

ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին «Այբ» դպրոցի տնօրեն, «ABBYY» ընկերության հիմնադիր Արամ Փախչանյանին

Հայաստանում կրթության նոր մոդել ու պահանջներ առաջարկած Արամ Փախչանյանին «Հաջողության նախագիծ» ծրագրի շրջանակում համալսարան էր հրավիրել ԵՊՀ ուսանողական խորհուրդը: Մինչ այժմ հյուրընկալված մասնագետները եղել են տարբեր ոլորտներից՝ գիտություն, բիզնես, մարքեթինգ, շոուբիզնես և այլն: Այս անգամ հերթը կրթությանն էր՝ ապագայի կրթությանը: Պարոն Փախչանյանը հանդիպումը սկսեց այն հարցերից, թե այսօրվա աշխարհում ինչ դեր ունի մարդը, խոսեց անցյալի դերի մասին, ապա անցավ ապագայի աշխարհին ու մարդուն: Նրա համոզմամբ՝ այսօր ամեն ինչ գնում է դեպի ավտոմատացում, դրա վկայությունն այն է, որ բազմաթիվ բնագավառներում մարդուն փոխարինում են ռոբոտներն ու ավտոմատացված համակարգերը: Այսինքն՝ մարդու դերն ու զբաղմունքը աստիճանաբար նվազում են: «Այդ համընդհանուր ավտոմատացման արդյունքում մեր՝ մարդու հիմնական ներգրավվածությունը լինելու է ստեղծագործությունը: Բայց դրա իրավունքն էլ է պետք վաստակել: Այսինքն՝ ստեղծագործողները շատանալու են, ռեսուրսները մնալու են նույնը, և պետք է կռիվ տալ, որպեսզի քեզ որպես ստեղծագործող ընդունեն»,- ասում է պարոն Փախչանյանը: Նրա հավաստմամբ՝ որպեսզի մարդը կարողանա վաղվա աշխարհում էլ իր տեղը գտնել և շարժվել ժամանակին համահունչ, պետք է սկսի այսօրվանից, սովորելուց. «Կան հնուց եկած մասնագիտություններ, որոնք այսօր էլ կան, բայց անհամեմատ փոքր տեղ են զբաղեցնում հասարակության մեջ, քան, ասենք, 20-30 տարի առաջ: Եվ դա անխուսափելի է»: Այստեղ գալիս է ապագայի մասնագիտությունների հարցը: Բանախոսի կարծիքով՝ ոչ միայն նոր մասնագիտություններ են ծնվելու, այլև եղածների բնույթն է փոխվելու: Բնականաբար, փոխվելու են նաև մասնագետներին ներկայացվող պահանջները: «Ի՞նչ հմտություններ են պետք լինելու մարդուն այդ «դարաշրջանում»,- հարցնում է բանախոսը: Այդ հմտությունների շարքը շատ մեծ չէ, բայց ժամանակին դիմակայելու համար անհրաժեշտ են հուզական խելամտություն (իրավիճակի հուզական, ճիշտ ընկալում), հաղորդակցություն, ճկունություն (քննադատական մտածողություն), ինքնակազմակերպում, անորոշ իրավիճակներում որոշումների կայացում, խնդիրների վերհանում, իրականության գիտակցում և այլն: Մեր իրականության ամենախոցելի տեղերից մեկն այն է, որ այսօրվա կրթությունն այդ հմտությունները չի տալիս, այսինքն՝ մարդն ինքը պետք է զբաղվի ինքնազարգացմամբ: Փոխարենը աշակերտին կամ ուսանողին պարտադրվում են գիտելիքներ, որոնք հետագայում նրանց համար որևէ խնդիր չեն լուծելու: Պարոն Փախչանյանը համաշխարհային պրակտիկայից բերված օրինակներով ցույց տվեց, թե աշխարհի առաջատար կրթական հաստատություններում ինչ մեթոդներ ու նորարարություններ են կիրառում՝ գիտելիքներն առավել արդյունավետ տեղ հասցնելու, նոր մարտահրավերներին լուծումներ գտնելու համար: Իսկ դասախոսության ամփոփումը տվեց մեկ նախադասությամբ՝ «Ովքեր պատրաստ չեն փոխվելուն, կվերանան»: Շուրջ 2 ժամ տևած հանդիպման ընթացքում հարցեր հնչեցին նաև ուսանողների կողմից, որոնք վերաբերում էին ինչպես առհասարակ կրթությանը, այնպես էլ կոնկրետ մասնագիտություններին առնչվող հմտությունների փոխանցմանը:

Նմանատիպ նյութեր