48817 դիտում
12:01 15-02-2017
Նոր Եդեսիա գյուղի հիմնադրի տանը նշեցին 100-ամյա Համաձայնիկ տատիկի ծնունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում տոն է։
Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գյուղը եկել է Ժորիկ Մարգարյանի տուն և շնորհավորում է գյուղի ամենատարեց կնոջ՝ Համաձայնիկ Խլղաթյանի ծննդյան 100-ամյակը։
Տատին, ում խնամքը երկար տարիներ իր ուսերին է վերցրել Ժ. Մարգարյանը, իր ծննդյան օրվա առթիվ առաջինը բարեմաղթանք ուղղեց սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին՝ ասելով, որ նրանք են մեր սիրտն ու հոգին, նրանք են մեր պահապանները։
ԽՍՀՄ տարիներին տատիկն աշխատել է պատմության ուսուցչուհի։ Նա շրջապատված է իր ազգականներով, որդիներով, դստրերով, թոռներով ու ծոռներով։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ շատ պետական պաշտոնյաներ ու գործարարներ պատեհ-անպատեհ առիթներով հայտարարում են, որ եթե իրենք իմանան այնպիսի տատիկների ու պապիկների բնակության վայրեր, ովքեր արդեն 100 տարեկան են, այցելելու են այդ մարդկանց։ Հուսով ենք, որ այդ մարդիկ խոսքից գործի կանցնեն։
Տատիկի խնամքն իր ուսերին վերցրած Ժ. Մարգարյանը համարվում է Նոր Եդեսիա գյուղի հիմնադիրներից և երկար տարիներ առաջ առաջինը ինքն է այս գյուղում տան հիմքերը գցել, որից հետո գյուղում ավելացել է բնակիչների թիվը, և այսօր գյուղն ունի 200 տնտեսություն։
Մինչ տատիկի ծոռներ Մաթևոսն ու Մանեն կորոշեին՝ ինչ երգով շնորհավորեն տատիկին, վերջինս սկսեց երգել «Քելե, լաո»-ն՝ ձեռքի հետ էլ չմոռացավ փչել տորթին տեղադրված մոմը՝ խորհրդանշանական «100» թիվը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+