4899 դիտում
20:10 13-02-2017
Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև համագործակցությունը և նշել, որ բիզնեսին դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ: «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք,որ ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր: 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր: Այս պահին կառավարությունում քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր ՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների և գործընկերների առումով դրանք բաց են»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար և նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը: Դեսպանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը և բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավելմանն ուղղված աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին և արագ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները: Այդ հարցը քննարկվելու է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում: «Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության և հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առևտրային ակտիվության պակասի պարագայում: «Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են և պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի: Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ:
Նմանատիպ նյութեր
6758 դիտում
16:37 20-01-2018
Մեր գերխնդիրը, զինվորական լեզվով ասած, մարտական իրադրությանը տիրապետելն է. դիրքապահ Սարմեն
2230 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
1898 դիտում
19:32 26-09-2016
ՀՅԴ-ի համար գերխնդիրը պորտֆելների քանակը չէ. Աղվան Վարդանյան
Այս բաժնից
808 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
784 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
652 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել