211652_close_icon
views-count3069 դիտում article-date 15:34 08-02-2017

«Խնդրում եմ աջակցել, որ Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»․ Ֆրիցշե

1855 թ. հունիսի 20-ին Դմիտրի Մենդելեևը ավարտում է գլխավոր մանկավարժական ինստիտուտը։ Ավարտական քննություններին Մենդելեևը ներկայացավ ոչ թե իբրև սովորական մի ուսանող, այլ որպես իսկական հետազոտող։ Ուսանողական տարիները ցույց տվեցին, որ նա կարողանում է «ընդգրկել ու միացնել գիտության տարբեր բնագավառները»։ Իսկ քննությունից հետո նրա ուսուցիչ, ակադամիկոս Ֆրիցշեն խնդրագիր է ներկայացնում ինստիտուտի տնօրինությանը. «Երիտասարդը լիովին տիրապետում է քիմիական գիտության մինչև իսկ նորագույն ուղղությանը։ Խոնարհաբար խնդրում եմ աջակցել, որպեսզի ծառայության նշանակելիս պարոն Մենդելեևին հնարավորություն տրվի կատարելագործվելու քիմիայի մեջ»: Հանրագիտակ այս մարդու ողջ գործունեության ետևում թաքնված է նրա անձնական կյանքը՝ իր բազում ալեկոծություններով։ Ահա թե ինչպես է նրան նկարագրում անգլիացի քիմիկոս Պրոֆեսոր Տորպեն. «Նրա բարձր ու պատկառազդու հասակը, գեղեցիկ գլուխը, թավ ու երկար մազերը, արտահայտիչ դիմագծերը, կոկորդային ձայնը, իմաստուն և ինքնատիպ խոսքը, խորաթափանցությունն ու հումորի զգացումը՝ այս ամենը բնորոշում էր նրան իբրև ուժեղ և արտասավոր անհատ, և նրա ներկայությունն անմիջապես զգացվում էր ցանկացած միջավայրում։ Չնայած բնածին համեստությանը, նա մեծ ազդեցություն էր վայելում…»։ Մենդելեևի որդին, Իվան Դմիտրևիչ Մենդելեևը, այսպես է բնութագրել իր հորը. «Ես չեմ հիշում, որ նա, դյուրաբորբոք ու անզուսպ լինելով մեծահասակների նկատմամբ և լինելով ուժեղ մարդ, երբևէ ձայնը բարձրացներ մեզ վրա, կոպիտ խոսք ասեր։ Նա միշտ հույսը դնում էր բացառապես մեր բանականության ու բարձր գիտակցության վրա, երբեք ոչինչ չէր պահանջում, չէր հրամայում, բայց մենք զգում էինք, թե ինչպես կվշտանար մեր թուլությունների համար և սա հորդորներից ու հրամաններից ավելի խիստ էր ազդում»։

Նմանատիպ նյութեր