211652_close_icon
views-count3394 դիտում article-date 16:29 25-11-2017

Արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում կատարելագործվելու է նաև Գերմանիայի փորձով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Գերմանիայից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորությամբ. պատվիրակության կազմում էին՝ Գերմանիայի Տեխնիկական Աջակցության Գրասենյակի (THW) երկկողմ համագործակցության պատասխանատու Թոմաս Հյունիքը, Գերմանիայի Բնակչության պաշտպանության և աղետների աջակցության դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Օրսալա Լուսինյոլին, Գերմանական կարմիր խաչի ներկայացուցիչ Մայքլ Ույուբելը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում հայ-գերմանական երկկողմանի համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորությունները: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանում կամավորական փրկարարական ուժերի ձևավորման, հրշեջ-փրկարարների հմտությունների և անտառային հրդեհների մարման աշխատանքների կատարելագործման գործընթացներում: Ընդգծելով գերմանական լավագույն փորձը բնակչության պաշտպանության և պատրաստվածության, աղետների ռիսկի նվազեցման բնագավառում՝ ԱԻ նախարարը շեշտեց համատեղ ուսումնավարժությունների իրականացման կարևորությունը: Գերմանական կողմը պատրաստակամություն հայտնեց ուսումնավարժությունների միջոցով աջակցել նաև ՀՀ ԱԻՆ միջազգային որակավորում ունեցող INSARAG որոնողափրկարարական թիմի վերաորակավորման գործընթացում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց նաև ուսումնասիրել գերմանական փորձը հանրային իրազեկման և ճգնաժամային հաղորդակցության բնագավառում, ինչը բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման կարևոր բաղադրիչներից մեկն է: Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը գերմանական պատվիրակությանը հրավիրեց եկող տարում մասնակցել դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած երկրաշարժից ուղիղ 30 տարի անց Դիմակայունության օրվա միջոցառումներին: Նշենք, որ ս.թ.-ի դեկտեմբերի 3-ից 6-ը հայաստան կայցելի Գերմանիայի հրդեհային ծառայության միության նախագահ Հարթմուդ Զիեբսը՝ հակահրդեհային անվտանգության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Նմանատիպ նյութեր