Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. նախաձեռնությունը 5 տարեկան է
Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ-ի փետրվարի 7 ին, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7-ը հռչակել Համացանցում հայատառ գրելու օր։
Այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև ՀՀ Ազգային ժողովում։ Բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված են նաև մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:
Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին՝ համացանցում հայերեն գրել, բացառապես մեսրոպատառ։