211652_close_icon
views-count3108 դիտում article-date 20:45 25-01-2017

2017թ.-ին Երևանի արտաքին ձևավորման, գովազդի բնագավառում իրականացվող աշխատանքները ևս շարունակական կլինեն

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ամփոփել է նաև աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունների, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» 2016թ. ծրագրերը` նշելով այդ ուղղությամբ 2017թ. նախատեսված անելիքները: 2016թ. շենք-շինությունների վրա տեղադրված գովազդային վահանակների վերահսկման շնորհիվ ապօրինի տեղադրված, այդ թվում՝ հայալեզու գրվածքով օրենսդրությանը չհամապատասխանող 600 վահանակ են հայտնաբերվել: Դրանց մի մասը համապատասխանեցվել է օրենքին, մյուս մասը` ապամոնտաժվել: Քաղաքապետի տեղակալը հիշեցրել է, որ մինչ այդ, 2014-15թթ. Երևանի փոքր կենտրոնում ամբողջովին ապամոնտաժվել է 158 գովազդային մեծ վահանակ, որոնք փոխարինվել են ժամանակակից ու գեղեցիկ նմուշներով: Նախորդ տարի 110 վարչական արձանագրություն է կազմվել, ինչը նպաստել է ոլորտը գործող օրենքներին համապատասխանեցնելուն: յս դեպքում ևս վարչարարության նպատակը եղել է օրենսդրության կիրառումը: Գովազդի ոլորտի արդյունավետության մեծացման նպատակով 2015թ. մշակված միասնական ծրագիրը հնարավորություն է ընձեռել գովազդային ընկերություններին էլեկտրոնային տարբերակով թույլտվություններ տրամադրելու: Դավիթ Օհանյանը նշել է, որ մշակութային, համաքաղաքային ու համապետական միջոցառումների համար պատրաստվել է 160 գովազդ, որոնց մի մասը տեղադրվել է նախորդ տարիներին մասնավոր ընկերությունների կողմից մայրաքաղաքում կառուցված վերգետնյա անցումների էկրաններին: Մասնավորի հետ համագործակցության արդյունք են նաև 74 հեծանվականգառները, 10 նոր կանգառասրահները, գովազդային կրիչներով 310 փողոցային ուղեցույցները, պղնձե ձուլվածքով 80 ուղեցույցները, քաղաքային 11 ժամացույցներն ու գովազդային կրիչներով հեռախոսային 9 կրպակները: 2016թ. մշակվել է Երևանում առկա շենք-շինությունների, պատմամշակութային արժեք ունեցող շենքերին, բազմաբնակարան շենքերին տեղադրված գովազդային վահանակների ընդհանուր հայեցակարգը։ Հայեցակարգին համապատասխան՝ կազմվում են պատմամշակութային արժեք ունեցող 60 շենքերի գովազդային անձնագրեր, որի շնորհիվ կազմակերպությունների գովազդային ցուցանակները համահունչ կլինեն շենքերի ճարտարապետական հորինվածքին: Շենք-շինություններին տեղադրված վահանակների փոխարինումը գովազդային անձնագրերով հաստատված վահանակներով կսկսվի 2017 թվականից, որի շնորհիվ ակնկալվում է շինությունների արտաքին տեսքի էական բարելավում։ 2016թ. առաջին անգամ կայացել է «Երևան քաղաքի արտաքին գովազդ 2016» փառատոնը, որը մեծ արձագանք է ստացել գովազդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շրջանում; Փառատոնին հրավիրված են եղել գովազդի ոլորտում ներդրում ունեցող աշխարհահռչակ կազմակերպությունների արտ-տնօրենները։ Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը և ՄԱԿ-ի զարգացման գրասենյակը համատեղ աշխատանքներ են իրականացնում «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղությամբ: Քաղաքապետի տեղակալը հույս է հայտնել, որ Երևանի տեխնոլոգիական հագեցվածությունը, կառավարման արդյունավետությունը բարձրացնելու, էներգախնայողության, անվտանգության, բնապահպանական, ծառայությունների տրամադրման և այլ ոլորտների բարելավմանը նոր ազդակ կհաղորդի, իսկ քաղաքը ավելի գրավիչ կդարձնի ներդրողների համար: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր