211652_close_icon
views-count1915 դիտում article-date 16:14 01-03-2018

Տարոն Մարգարյանին ներկայացվել է առողջապահության, արտաքին ձևավորման և գովազդի, առևտրի և սպասարկումների ոլորտների 2017թ. հաշվետվությունը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի աշխատակազմի Արտաքին ձևավորման և գովազդի, Առողջապահության, Առևտրի և սպասարկումների վարչությունների պետերի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաներ» ՓԲԸ տնօրենի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև վերոնշյալ ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Վարչությունների պետերը ներկայացրել են քաղաքապետին 2017թ. կատարած աշխատանքներն ու 2018թ. նախատեսված ծրագրերը: Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը մասնավորապես զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել պատմամշակութային արժեք ներկայացնող շուրջ 60 շենքերի գովազդային անձնագրավորման, ավելի քան 100 գովազդային ապօրինի վահանակների ապամոնտաժման, հետիոտների անցուդարձին խոչընդոտող գովազդային կրիչների ապամոնտաժման և տեղափոխման, արտաքին սոցիալական գովազդների տեղադրման, գովազդի էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման և մի շարք այլ ուղղություններով: Առևտրի և սպասարկումների վարչության պետն էլ զեկուցել է, որ 2017թ. մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպվել է գյուղմթերքի վաճառքի 3 շուկա, մայրաքաղաքի յուրաքանչյուր վարչական շրջանում առանձնացվել են կենդանիների զբոսանքի համար նախատեսված մեկակական վայրեր, ինչպես նաև ապամոնտաժվել են առևտրի և սպասարկման չգործող մի շարք կրպակներ: Առողջապահության ոլորտում իրականացված աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների ձեռքբերում» ծրագրի շրջանակում 26 նոր ու ժամանակակից բժշկական սարքավորում և 54 բժշկական գույք է ձեռք բերվել, մի շարք պոլիկլինիկաներում կատարվել են մասնակի նորոգման աշխատանքներ, 65 բժիշկ և 55 բուժքույր էլ մասնագիտական անվճար վերապատրաստումներ են անցել: Նաև նշվել է, որ արդեն այս տարվանից առողջապահական ապահովագրության փաթեթներից օգտվելու հնարավորություն են ստացել նաև մանկապարտեզների շուրջ 4500 և շախմատի դպրոցների շուրջ 170 աշխատակիցներ: Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտների մասով ներկայացրել է իր դիտարկումներն ու մոտեցումները: «Վերջին տարիներին քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում զգալի աշխատանքներ են տարվել թե՛ պայմանների բարելավման և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու ուղղությամբ: Բայց մենք գիտենք, որ այս ոլորտում դեռ շատ անելիքներ ունենք, և մեր առաջնային խնդիրներից մեկն էլ համայնքային ենթակայության բժշկական հաստատություններում հարամարավետ պայմանների ապահովումն է, որը նախատեսված է նաև Երևանի զարգացման մեր հնգամյա ծրագրով: Հետևողականորեն շարունակվելու են նաև պոլիկլինիկաներն ու բժշկական կենտրոնները նոր ու ժամանակակից բուժսարքավորումներով համալրելու ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք կարևոր դերակատարում են ունենում մեր համաքաղաքացիներին որակյալ բուժծառայություններ մատուցելու հարցում», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև շարունակել խստորեն վերահսկել գովազդային վահանակների տեղադրման գործընթացը, որպեսզի բացառվեն այս հարցում կամայական լուծումներն ու վահանակները տեղադրվեն սահմանված վայրերում, ոչ թե որտեղ պատահի: Մշտական ուշադրության պահանջ է դրվել նաև բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման հարցում: «Այս ոլորտներում ես ակնկալում եմ ամենօրյա հետևողական աշխատանք: Կանոնակարգեք դաշտն ու ձեզ համար որդեգրեք հստակ մոտեցում, եթե ինչ-որ բան թույլատրելի չէ՛ մեկին, ուրեմն թույլատրելի չի կարող լինել ոչ մեկի համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր