ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել ՀՀ-ում Իտալիայի դեսպանին
Իտալիայի Հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/24/1056911/]կործանված ուղղաթիռի[/url] հետևանքով զոհերի և կորուստների կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջովաննի Ռիչուլլիին. նամակում մասնավորապես ասվում է.
Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում տեղի ունեցած ձնահյուսի և փրկարար ծառայության կործանված ուղղաթիռի դեպքերի կապակցությամբ:
Կիսում ենք զոհվածների ընտանիքների և հարազատների խոր վիշտը, հայտնում մեր զորակցությունն ու մաղթում շուտափույթ ապաքինում վիրավորներին: Վստահ ենք, որ Իտալիայի իշխանությունների հետևողական ջանքերի շնորհիվ կհաջողվի հնարավորինս արագ վերացնել աղետի հետևանքները:
Խնդրում եմ ևս մեկ անգամ ընդունել մեր խորին ցավակցությունն ու զորակցությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 18-ի երեկոյան Գրան Սասո լեռնազանգվածի շրջանում գտնվող հյուրանոցը հայտնվել էր ձնահյուսի տակ, զոհվել է 23, անհետ կորած Է համարվում 6 մարդ: Այդ պահին շենքում գտնվող 30 մարդուց փրկվել են 9-ը՝ ներառյալ չորս երեխա, որոնց դուրս են բերել փլատակներից: Եվս երկու հոգի աղետից քիչ առաջ դուրս Էին եկել հյուրանոցից և նույնպես ողջ մնացել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հունվարի 24-ին Աբրուցոյի տարածաշրջանի լեռներում կործանվել է Իտալիայի Փրկարար ծառայության ուղղաթիռը, որը մասնակցում էր այդ շրջանում փրկարարական աշխատանքների: Օդանավում եղել է 6 մարդ: