211652_close_icon
views-count3772 դիտում article-date 22:56 20-01-2017

Հայաստանի առաքելության ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ

Հունվարի 19-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի 1128-րդ նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նվիրված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ականավոր լրագրող և մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին: Դեսպանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանի առաքելության կողմից տարիներ շարունակ այդ հարցը պարբերաբար բարձրացվել է, ինչին թուրքական պատվիրակությունը մշտապես պատասխանել է, թե անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին: Դեսպան Կիրակոսյանն արձանագրեց, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն ի հայտ չի բերել սպանության կազմակերպիչներին՝ լիովին կիսելով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նույնանման գնահատականը: Դեսպանը նաև համոզմունք հայտնեց, որ լրագրողների, համայնքային առաջնորդների և մտավորականների նկատմամբ բռնությունների ու սպանությունների բացահայտման ձախողումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և դրանով իսկ խրախուսում անհանդուրժողականությունը: Նա իր խոսքում հիշատակեց, որ Հրանտ Դինքը ճնշման է ենթարկվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումների և հայտարարությունների համար: «Ցավոք, Դինքի սպանությունից տաս տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության և արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը: Դրա մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Տեղեկություններ են հայտնվել անգամ, որ որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են քրեական գործ հարուցել նրա դեմ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքը համարելով այլատյացություն» -նշեց դեսպանը: Արման Կիրակոսյանն ընդգծեց, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում իրեն ներկայացնում է որպես կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության և խտրականության վերացման ջատագով՝ միաժամանակ հանդուրժողականության չցուցաբերելով բնիկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնց որոշ հատվածներ կարողացել են վերապրել ու գոյատևել մերօրյա Թուրքիայում: Կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում դեսպան Կիրակոսյանը հիշեցրեց թուրքական պատվիրակությանը, որ հայկական կողմն արդեն իսկ մեկ տարի է սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու և դրա տարածքի առգրավման հետ կապված:

Նմանատիպ նյութեր