1250 դիտում
10:27 27-03-2015
Դեսպան Կիրակոսյանը հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը
Մարտի 26-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը:
Դեսպան Կիրակոսյանն անդրադարձավ մարտի 19-ին Շփման գծի հյուսիսային հատվածում` ԼՂՀ Մարտակերտի շրջանում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծեց, որ ԼՂՀ ՊԲ հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր:
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը: Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ արվեց ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:
Դեսպանն ափսոսանք հայտնեց, որ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը նշում է ռասայական խտրականության վերացման միջազգային օրը, Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այլատյացության և անհանդուրժողականության կոչերով: Այդ կապակցությամբ նա մեջբերեց Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնցում նրանք տարածքային նկրտումներ են ներկայացրել Հայաստանի մայրաքաղաքի և այլ տարածքների նկատմամբ ու անթաքույց արտահայտել իրենց մտադրությունը արցախյան հիմնահարցը լուծել ռազմական ագրեսիայի ճանապարհով:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զանգվածային ջարդերից պաշտպանությունը հանդիսանում է ԼՂՀ իշխանությունների պարտականությունը: Նա հիշատակեց, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկական զտումներ: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով:
Դատապարտելով Ադրբեջանի ուժային քաղաքականությունը՝ դեսպանը շեշտեց, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իրավիճակի սրման և դրա հետևանքների համար: Նա վերահաստատեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով հիմք է հանդիսանում խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:
Նմանատիպ նյութեր
2327 դիտում
18:54 10-11-2018
Դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
1412 դիտում
20:46 28-03-2014
Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդում խոսել է Քեսաբի իրավիճակից
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
898 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին