Բաքվում մոռանում են մեկ բան, որ դեռ ողջ են Բաքվի ջարդերի ականատեսները. Մարինա Գրիգորյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» կողմից իրականացվող «Սովորական ցեղասպանության» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Բաքվի ջարդերի 27-րդ տարելիցին:
Մարինա Գրիգորյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի քարոզչամեքենայի ստի, կեղծիքի բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են տանում ԱԳՆ-ի և Սփյուռքի նախարարությունների համատեղ: Նա ասաց, որ Ադրբեջանում այսօր նշվում է ողբերգական օր՝ կապված սովետական բանակի ներխուժման հետ, սակայն նրանք աղմուկ են բարձրացնում, որպեսզի մոռացության մատնեն, այն, ինչ եղավ 1990 թվականի հունվարի 13-19-ին։ «Այդ շաբաթը մտավ որպես հայերի Ցեղասպանության շաբաթ Բաքվում, ինչը Բաքուն ուզում է մոռացության մատնել»,- ասաց նա և նշեց, որ մեկ շաբաթվա ընթացում սպանել, տանջամահ արել, այրել և բռնի տեղահանել են հայերին:
«Բաքվում մոռանում են մեկ բան, որ դեռ ողջ են այդ իրադարձությունների ականատեսները և տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր անցել են այդ դժոխքի միջով և կորցրել են իրենց հարազատներին»,- ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը հիշեցրեց, որ չնայած հայերը մեծ ներդրում ունեն Բաքվի կառուցման գործում, սակայն երեք անգամ Բաքվում հայերը ցեղասպանության են ենթարկվել, ինչն իրականացվել է ծրագրված և հետևողականորեն:
Նա տեղեկացրեց, որ փաստագրական մի աշխատանք է կատարվում: «Դա կարող է նպաստել բանակցային գործընթացում մեր դիրքերի առաջխաղացմանը՝ արդեն փաստերի հիման վրա: Կարծում եմ, որ 2017 թվականը հիանալի առիթ է շարունակելու քարոզչական աշխատանքը և փաստեր ներկայացնելու միջազգային հանրությանը և նոր քաղաքական մոտեցումներ ձևավորելու համար»,-ասաց նա և նկատեց, որ նմանատիպ փաստերը դեռ տեղ չեն գտել բանակցային սեղանի շուրջ: