211652_close_icon
views-count3430 դիտում article-date 18:51 19-01-2017

Համայնքները պետք է տնտեսեն բյուջեն և զարգացնեն համայնք-մասնավոր գործակցությունը. Կարեն Կարապետյան

Կառավարության նիստում վարչապետն այսօր հանձնարել է խթանել մարզային համայնքներում գործարար ակտիվությունը և նվազեցնել բյուջեի ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես, Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մեկամսյա ժամկետում մշակել և ՀՀ համայնքների ղեկավարներին տրամադրել համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու (պատվիրակելու) մեթոդական ուղեցույց և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը։ Իսկ ՀՀ մարզպետներին հանձնարարել է եռամսյա ժամկետում համայնքների հետ համատեղ նախապատրաստել և կառավարություն ներկայացնել մարզերում համայնք-մասնավոր հատված գործընկերության պիլոտային ծրագրեր։ «Մեր մարզային այցերի ժամանակ հաճախ տեսնում ենք, որ այն գործառույթները, որոնք համայնքները կատարում են, և որտեղ կա բիզնես տրամաբանություն, բազմաթիվ առաջարկություններ կարող են լինել, ինչը մասնավորը կարող է անել: Դա կբերի համայնքի բյուջեի նվազեցմանը, գործառույթի կատարմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը», - նշել է վարչապետը՝ հանձնարարելով հատուկ ուշադրություն դարձնել ներկայացվող առաջարկություններին: «Բավական լուրջ նյութեր կան, շատ ուշադիր հետևում ենք: Համայնքները պետք է բյուջեն դրանով տնտեսեն, որևիցե պարտադրանք չկա, բայց եթե շուկայում կա այդ գործառույթը կատարող, որն ավելի էժան է անում, ավելի լավ է անում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մենք դա իրեն չենք պատվիրում», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նմանատիպ նյութեր