Քաղաքացուն ազատում ենք արխիվում հերթ կանգնելու հոգսից. Ամատունի Վիրաբյան
Թոշակառուները իրենց աշխատանքային կենսագրության մասին տեղեկանք ստանալու համար այլևս ստիպված չեն լինի գալ Ազգային արխիվ: Այս մասին տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
«Թոշակառու քաղաքացին միանգամից դիմելու է Սոցապ ծառայություն, ծառայությունը էլեկտրոնային ձևով դիմելու է արխիվ և էլեկտրոնային տարբերակով էլ ստանալու է պատասխան»,- ասաց Արխիվի տնօրենը և նշեց, որ ամսվա վերջում ներդրվելու է համապատասխան ծրագիր:
«Քաղաքացուն ազատելու ենք արխիվ գալու, հերթ կանգնելու հոգսից, մենք ենք իր արխիվային տեղեկանքներն ուղարկելու պատկան մարմիններին»,- ասաց Վիրաբյանը:
Ամատունի Վիրաբյանը նշեց նաև, որ ծրագրում են թվայնացնել 19-20 նաև 21-րդ դարի մի շարք փաստաթղթեր և տարածել: Արդեն մի շարք վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի թվայնացումն ավարտել են, շուտով անցնելու են հեռուստատեսային հաղորդումների թվայնացմանը: Ծրագրում են նաև հրատարակել մի շարք կարևոր փաստաթղթեր: Այդ անում են, որպեսզի քաղաքացին, գիտաշխատողը, լրագրողը, գրողը, այսինքն` այն մարդիկ, որոնք ուզում են օգտվել արխիվից, կարողանան օգտվել առցանց, առանց արխիվի շենք մտնելու:
Արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ թվայնացված ամենահին ֆիլմը 1911թ-ի թաղման արարողություն է, որը տևում է 15 վայրկյան, հաջորդը 1915թ-ին ԱՄՆ հյուպատոսի այցն է Խարբերդ, ապա՝ 1920-ին Հայաստանը բռնազավթած ռուսական Կարմիր բանակի մուտքը Երևան: Թվայնացվել են նաև առաջին համր ֆիլմերը, ինչպես նաև առաջին ձայնավոր ֆիլմը՝ «Պեպո»-ն: