211652_close_icon

Եթե հայկական կողմը դիմի Հռոմի պապին` թույլտվություն կստանա օգտվել արխիվից. Ամատունի Վիրաբյան

views-count823 դիտում article-date 15:54 22-06-2016
Հռոմի պապի արխիվում տեղեկություններ կան աշխարհի ցանկացած պետությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին, քանի որ Հռոմի պապն  աշխարհի գրեթե բոլոր երկրներում ունի իր ներկայացուցիչը՝ դիվանագետի կարգավիճակով և ունեցել է նաև Օսմանյան կայսրությունում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ու ընգծեց, որ հայերը Հռոմի պապի հետ առնչություններ են ունեցել 3-րդ-4-րդ դարերից: Ըստ պատմաբանի` Հռոմի պապին քրիստոնյաների վիճակի մասին Օսմանյան կայսրությունում ուղղված զեկուցագրերի ահռելի նյութ կա: Ազգային արխիվն ունի արդեն բաց արխիվների պատճենները, բայց խնդիրն այն է, որ դրանք կա՛մ լատիներեն են, կա՛մ ֆրանսերեն և կա թարգմանության խնդիր: Ըստ Ամատունի Վիրաբյանի դեռևս ոչ բոլոր փաստաթղթերն են ուսումնասիրվել և կան շրջանառության մեջ չդրված փաստաթղթեր, որոնք հատուկ Հռոմի պապի թույլտվությամբ կարող են դրվել շրջանառության մեջ. «Ուղղակի արկղերի վրա գրված է չբացել, Հռոմի պապի կնիքը դրված է և փակ վիճակում են, և ոչ ոք չգիտի, այդ արկղերի մեջ ինչ փաստաթղթեր են պահպանվում: Դեռեւս հսկայական քանակությամբ փաստաթղթեր փակ են»,-ասաց նա: Ամատունի Վիրաբյանը վստահ է, որ եթե այդ հարցով հայկական կողմը դիմի Հռոմի պապին, ապա թույլտվություն կստանա օգտվել արխիվից: «Մենք հիմա քայլեր ենք ձեռնարկում, որ հարցերի քննարկման ժամանակ այդ հարցը ևս դառնա քննարկման առարկա»,- ասաց բանախոսը:

Նմանատիպ նյութեր