211652_close_icon
views-count10790 դիտում article-date 11:04 12-01-2017

Շշերի վրա պատմամշակութային արժեքներ պատկերելով, Կոկա-Կոլան ոտնահարում է բազմաթիվ իրավունքներ. Հայկ Կիրակոսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Կոկա-կոլա» ընկերության նախաձեռնությունը՝ շշերի վրա պատկերել մեր պատմամշակութային արժեքները, ըստ PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանի, ոտնահարում է բազմաթիվ իրավունքներ՝ գրվածից մինչև չգրված։ Նշենք, որ վերջերս խանութներում հայտնվել է այս ընկերության շշալցված արտադրանքը՝ պատկերազարդված Գառնու տաճարի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, Արարատ լեռան, Սասունցի Դավթի արձանի նկարներով, որի 250 միլիգրամանոց ապակե շշի արժեքը 500 դրամ Է։ Հայկ Կիրակոսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց, որ կա չգրված օրենք, համաձայն որի՝ հոգևոր արժեքները չի կարելի վերածել կոմերցիայի։ Մասնագետի խոսքով՝ Գառնու տաճարը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը, Արարատ լեռը, «Սասնա ծռեր» էպոսից վերցված Սասունցի Դավթի հուշարձանը մեզանում ոչ միայն մշակութային արժեքներ են, այլև ավելին, քան մշակութային արժեքները։ «Առավոտ»-ը մշակույթի նախարարությանը փոխանցելով մասնագետի կարծիքը՝ հետաքրքրվեց, թե «Կոկա-կոլայի» արածը արդյոք ազգային արժեքների ոտնահարում չէ՞։ Հարցին ի պատասխան՝ նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունից ստացվել է առաջարկ՝ հանրահռչակման նպատակով սահմանափակ քանակությամբ հատուկ թողարկման համար օգտագործել նշված պատկերները։ Այդ արտադրանքի վաճառքի հասույթի մի մասը ընկերությունը պարտավորվել է տրամադրել ՀՀ մշակույթի նախարարության՝ պատմամշակութային հուշարձանների պահպանության ծրագրերին։ Ըստ նախարարության. «Հարկ է նշել, որ նման նախաձեռնություններ ընկերությունն իրականացրել է աշխարհի մի շարք երկրներում. այդ թվում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Սինգապուրում և այլուր՝ կիրառելով համաշխարհային նշանակության այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հռոմի Կոլիզեումը, Փարիզի ԷյՖելյան աշտարակը, Լոնդոնի Բիգ Բենը, Ազատության արձանը Նյու Յորքում և համաշխարհային նշանակության այլ կոթողներ»։ Նախարարությունից նաև հարցրել էինք, թե ընկերությունն արդյոք ունի՝ համապատասխան թույլտվություն, և ե՞րբ է այն տրվել։ Ի պատասխան՝ մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ ընկերությունը 2016թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած հուշագրով ստացել է համապատասխան համաձայնությունը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր