211652_close_icon
views-count4582 դիտում article-date 15:13 16-12-2016

Ռիսկային 296 խոշոր հարկ վճարողները 12.6%-ով ավելացրել են հարկային եկամուտները

Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում գրանցված 521 հարկ վճարողներից 296-ը դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային ցանկում են: Ռիսկերը 3 հիմնական ուղղություններով են՝ թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրումների և ծախսերի ուռճացման հետևանքով հարկվող օբյեկտների նվազեցում: Այնուամենայնիվ, 296 ռիսկային կազմակերպությունները 2016թ. 11 ամիսներին բյուջե են վճարել 12.6%-ով ավելի հարկային եկամուտ 2015թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանը վստահեցնում է, որ հարկային մարմնի գործողությունները հատկապես վերջին ամիսներին նպատակաուղղված են հարկային իրավախախտումների կանխարգելմանը, ոչ թե առանց նախազգուշացումների հարկ վճարողների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը. «Այդ նպատակով տեսչության վերլուծական և հսկողական գործառույթներ իրականացնող բոլոր ստորաբաժանումները, հարկ վճարողների տվյալների ամենօրյա մոնիթորինգի արդյունքում գնահատում են ռիսկերը, որոնք տեսչությունում գրանցված կազմակերպություններին են ներկայացվում հոկտեմբերից մեկնարկած ոլորտային և անհատական հանդիպումների ժամանակ»: Իրազեկող հանդիպումներից հետո կազմակերպությունների մի մասը մասամբ կամ լիովին փոխել է հարկային վարքագիծը, մյուսը՝ ոչ: Առավել ռիսկային է ապրանքների ներմուծման ոլորտը, որտեղ գործող 155 հարկ վճարողներից 111-ը գնահատվել է ռիսկային, բժշկական ծառայությունների ոլորտը, որտեղ գործող 5 հարկ վճարողներից 4-ը ռիսկային են: Այդ ցանկում են նաև կաթնամթերք արտադրող 7 և հրուշակեղեն արտադրող 5 ընկերություններ: Գործարքների փաստաթղթավորման առումով ոչ ռիսկային են կապի և բանկային գործունեության ոլորտները: «Պետեկամուտների կոմիտեի գործողությունները միտված են բոլոր կազմակերպությունների համար համահավասար հարկային դաշտի ապահովմանը, քանի որ ստվերում գործողները խաթարում են բիզնեսի մրցակցային միջավայրը: Հետևողական և թիրախային գործողությունները հանգեցնելու են նման տնտեսվարողների կողմից հարկերի ինքնուրույն հայտարարագրմանը»,-ընդգծում է Ռաֆիկ Մաշադյանը: Խոշոր հարկ վճարողների առաջին հնգյակն այս տարի, ինչպես 2015թ.-ին, գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն: «Զանգեզուրի ՊՄԿ»-ի փոխարեն առաջատարների շարքում է հայտնվել «Գրանդ Տոբակո»-ն: Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ը 2016թ.-ն ամփոփում է նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտների 5.2% աճով: Տեսչությունում հաշվառված կազմակերպությունների հարկային եկամուտները 2016թ.-ին կկազմեն շուրջ 436.5 մլրդ դրամ, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը մոտ 22 մլրդ դրամով: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր