211652_close_icon
views-count35470 դիտում article-date 21:30 12-12-2016

Երևանում՝ 5 աստղանի հյուրանոցում, հանդիպեցին «3 հրացանակիրները». նրանք էին՝ Սասուն Միքայելյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Radisson Blu» հյուրանոցում «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները Համատեղ քաղաքական գործունեության հուշագիր ստորագրեցին, որի տեքստը ներկայացնում ենք ստորեւ: Հուշագիր Համատեղ քաղաքական գործունեության «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ - հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, - գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունը, - ելնելով Հայաստանի արդիականացման և ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, - ականջալուր լինելով հակասությունները հարթելու և համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, Համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին: Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով: բ) համատեղ գործունեության (այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ: դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ ե) արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև ու կայուն զարգացումը: Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Արամ Սարգսյան «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի նախագահ Սասուն Միքայելյան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ»։ Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց: «Մեր խնդիրը հենց սկզբից եղել է այն, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր մոտեցումները միմյանց մոտենան, ոչ թե հեռանան: Այդ ամենը արձանագրված է հուշագրում: Կարող ենք արձանագրել, որ մեր ուժերի մեջ կա համաձայնություն այն մասին, որ մեր համագործակցությունը «մետության» ու «հակայության» որևէ դրսևորում չի ունենալու: Մեր ելակետը ՀՀ շահերի գերակայության սկզբունքն է, Հայաստանն ու նրա շահերը, սա է հենակետը, որի վրա կանգնած ենք»,- ասաց Փաշինյանը : Լրագրողների հարցին, թե նա՞ է դաշինքի՝ վարչապետի թեկնածուն, արդյո՞ք իր այն հայտարարությունը, որով հայտ էր ներկայացրել վարչապետի պաշտոնի համար, ուժի մեջ է, պատգամավորը պատասխանեց, թե ամեն ինչ պետք է դիտարկել նոր դաշինքի ֆորմատով և ինքը կաշկանդված չէ իր նախորդ հայտարարություններով: «Բնականաբար, ամեն ինչ պետք է դիտարկել այս հուշագրի շրջանակներում: Մենք ասել ենք, որ մենք նախկինում կայացրած որոշումներով կաշկանդված չենք, և այս համատեքստում բոլոր քննարկումները պետք է սկսենք զրոյից: Մենք վստահ ենք, որ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի: Նախկին որոշումները ընդհանուր համար իրավական, պարտադրող ուժ ունենալ չեն կարող: Վստահ եմ, որ մեզ կհաջողվի բոլոր կնճռոտ հարցերում գալ ընդհանուր հայտարարի: Մենք հասկանում ենք, թե ինչ պատասխանատվություն է դրված մեզ վրա ու վճռական ենք այն կրել արժանապատիվ»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե քանի՞ տոկոս ձայն եք ակնկալում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Պարզ է, որ ակնկալում ենք այնքան, ինչքան մեր ժողովուրդը ձայն տա: Իսկ մենք հույս ունենք, որ 50+1 գոնե կտա»: Ապա Փաշինյանը կատակեց. «Ասում ա՝ ինձ էլ ինչ կտաս, կտաս, բայց լավ կլինի, որ 50+1 գոնե տաս»: Հուշագրի ստորագրումից հետո ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթում նշեց. «Աստված պահապան լինի, որ փրկենք Հայաստանի Հանրապետությունը… Դիմում եմ բոլոր ազատամարտիկներին՝ սատար լինել մեզ»։ Լուսանկարները՝ Տիգրան Մազմանյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 167+
167+

Նմանատիպ նյութեր