Չինաստանի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա 2 տասնյակից ավելի զոհ
21 մարդ է զոհվել Չինաստանի Հեյլունցզիան նահանգի Ցիտահե քաղաքում գտնվող ածխի հանքավայրում երեկ երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունից, հաղորդում է BBC-ն։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել 21 հանքափորի դի, 1 մարդ համարվում է անհայտ կորած։ Որոնողական աշխատանքներ են տարվում՝ վերջինի դին հայտնաբերելու ուղղությամբ։
Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հանքը շահագործման լիցենզիա չի ունեցել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն ածխի արդյունահանման երկիրը, այն նաև զերծ չէ հանքերում հաճախակի տեղի ունեցող փլուզման դեպքերից։ Ամեն տարի, պաշտոնական տվյալներով, այդ երկրում մահանում է գրեթե 1000 մարդ։ Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պնդում են, որ չինական իշխանությունները կեղծ տվյալներ են ներկայացնում և զոհերի թիվն իրականում ավելի շատ է լինում։