211652_close_icon
views-count2217 դիտում article-date 17:55 28-11-2016

Հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ հատուկ քննչական ծառայության 9-րդ տարեդարձին

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի ունեցավ ՀՀ հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակին նվիրված հանդիսավոր նիստ, որը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Հատուկ քննչական ծառայության պետը տոնական օրը շնորհավորեց Ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթեց բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք՝ առաջադրված բարդ, ինչպես նաև պատասխանատու խնդիրների իրականացման գործում: Վահրամ Շահինյանը իր ելույթում շեշտեց, որ մասնագիտական տոնը նշելու ամեն մի առիթ դրա հասցեատիրոջն ուղղված լրացուցիչ հնարավորություն է վերաիմաստավորելու իր գործառույթային առաքելությունը, ի մի բերելու ծանր ու դժվար աշխատանքի ընթացքում արձանագրված թերություններն ու արդյունավետորեն շտկել դրանք: - Անհամեստություն չեմ համարի, եթե նշեմ, որ վերջին տարիների ընթացքում անհամեմատ աճել է ՀՀ հատուկ քննչական ծառայության հեղինակությունը ոչ միայն երկրի իրավապահ մարմինների ու պետական մյուս կառույցների, այլև հասարակության ու անհատ քաղաքացիների շրջանում: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ Ծառայության նկատմամբ հանրային վստահության աճը ուղիղ կապված է շուրջ երեքուկես տարի ներդրված հակակոռուպցիոն ռազմավարության հետ: Այս մասին ես մեկ անգամ արդեն ասել եմ և բազմիցս ու բարձրաձայն կրկնելու եմ, որ այսօր երկրի պետական քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարն այդքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Մենք մեր հավատով, վարքագծով ու կենսակերպով ապացուցել ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների աշխատավարձով հնարավոր է ապրել ու արարել` չմտնելով անօրինական որևէ գործարքի մեջ,- իր ելույթում նշեց Վահրամ Շահինյանը: Հատուկ քննչական ծառայության պետը ընդգծեց, որ Ծառայության՝ որպես պետական կառույցի դերակատարության կարևորության վկայությունն է նաև կարծիքի ու առաջարկությունների համար իրավական ամենատարբեր փաստաթղթերի նախագծերը Ծառայությանն ուղարկելու. առավել բարդ, բազմադրվագ, և ինչո՞ւ չէ աշխատանքի առանձնահատուկ որակ պահանջող հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերի նախաքննությունը հատկապես մեզ հանձնարարելու փաստերը: Ելույթով հանդես եկան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալներ Մուշեղ Բաբայանը և Վլադիմիր Հովհաննիսյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչներ, Ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը, այլ պաշտոնատար անձինք: Ելույթով հանդես եկած ՀՀ Նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը նշեց. «Քիչ կառույցներ կան, որ իրենց անվանման մեջ կրում են «հատուկ» եզրույթը, որը որքան առանձնացնող է, այնքան էլ՝ պարտավորեցնող: Ցանկանում եմ, որ «հատուկ» եզրույթի կիրառումը վերաբերի ոչ միայն ձեր կառույցի անվանմանը, այլև հաջողություններին, ձեռքբերումներին, նվաճումներին»,- եզրափակեց Հրայր Ղուկասյանը, որից վերջինս ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերը, որոնց համաձայն՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանին շնորհվեց արդարադատության գեներալ-մայորի կոչում, իսկ Ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ, արդարադատության մայոր Գարեգին Բեգոյանը պարգևատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով: Հանդիսավոր նիստի ավարտին Հատուկ քննչական ծառայության հիմնադրման 9-րդ ամյակի առթիվ՝ Հատուկ քննչական ծառայության պետի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների նախարարի հրամաններով խրախուսվեցին Ծառայության մի շարք աշխատակիցներ: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր