211652_close_icon
views-count987 դիտում article-date 19:54 26-01-2015

Հանդիսավոր նիստ` նվիրված հայոց բանակի 23-րդ տարեդարձին

Հունվարի 26-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի և հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած նիստին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, բազմաթիվ այլ բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց ամփոփ տեղեկություններ նախորդ տարվա ընքացքում ՊՆ կողմից իրականացված պաշտպանական միջոցառումների մասին` ուղղված ՀՀ և ԼՂՀ տարածքային ամբողջականության պահպանմանը: Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց զինված ուժերի զինվորական, սպայական անձնակազմի պատրաստվածությունը, իրականացրած գործողությունները և հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդին չեզոքացնելու գործում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմը: Պաշտպանության նախարարի կողմից պատվոգրերով, մեդալներով և թանկարժեք նվերներով պարգևատրվեցին տարվա ընթացքում լավագույն որակներով աչքի ընկած զինծառայողները, լավագույն զորամասերին հանձնվեցին փոխանցիկ դրոշներ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը իր խոսքում շեշտեց, որ հայկական հաղթանակած բանակը վերջին հազարամյակի ընթացքում առաջին անգամ ապահովեց ոչ միայն բարոյական, այլ նաև հողեղեն ու նյութական հաղթանակ, և այդ հաղթանակները պահպանվում են մեր քաջ զինվորականների ամենօրյա խիզախության ու անձնազոհության շնորհիվ: Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զինվորականներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործը պատվով կատարելու համար: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ՏԿԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և պատվոգրերով պարգևատրվեցին զինված ուժերի մի շարք սպաներ:

Նմանատիպ նյութեր