10236 դիտում
15:07 28-11-2017
Նախագահը մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը:
Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:
Հանրապետության Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում Նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջև դրվող նոր խնդիրների և մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, և սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:
Հոբելյանի կապակցությամբ հրավիրված նիստում Նախագահ Սերժ Սարգսյանն իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգևով խրախուսել է ծառայության աշխատակիցներից մեկին, նշելով, որ կառույցում կան բազմաթիվ այլ արժանիներ, ովքեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, և նրանց վաստակը ևս ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի:
[b]
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում.[/b]
Հատուկ քննչական ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Հատուկ քննչական ծառայության կազմավորման հոբելյանական՝ 10-րդ տարեդարձի կապակցությամբ: Այսօր գոհունակությամբ կարող ենք նշել, որ տարիների ընթացքում մեր գործադրած ջանքերը տվել են իրենց դրական պտուղները:
Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի այս կարևոր բաղադրիչն արդեն կայացել է: Անցած տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է ոչ միայն իր ուրույն առաքելությանը համարժեք տեղ զբաղեցնել պետական մարմինների համակարգում, այլև սեփական լուման ներդնել իրավապահ գործունեությանը նոր շունչ հաղորդելու գործում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր պետությունը ներկայումս կառավարման նոր կարգին անցնելու ճանապարհին է, որը հեռանկարային է, սակայն նաև՝ պատասխանատու և բարդ: Այդ մասին ես խոսել եմ տարբեր առիթներով, նաև նշել, որ մենք դեռ շատ գործ ունենք անելու:
Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ անելիքները գուցե ավելին են լինելու, քան այսօր տեսանելի են: Հատուկ քննչական ծառայության գործառույթների բնույթը հաշվի առնելով՝ ձեր անելիքը նաև յուրահատուկ է լինելու:
Վստահ եմ՝ գիտակցում եք, որ ապահով և մրցունակ պետություն դառնալու համար կա միայն մեկ ճանապարհ. այն է՝ անընդհատ զարգացնել ժողովրդավարական մեր ձեռքբերումները: Ավելի քան չորս տարի առաջ իմ հրամանագրով մեկնարկած սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր: Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ այդ սկզբունքը կայացած ժողովրդավարություն ունենալու գլխավոր գրավականներից է: Այդ սկզբունքի ներքո իրացվելու է օրենքի առջև ընդհանուր հավասարության գաղափարը:
Սա պետք է հստակ գիտակցեն բոլորը և, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները: Նրանք միշտ պետք է գործեն այն համոզումով, որ կարգավիճակը, պաշտոնը կամ կոչումը ոչ թե առավելություն են, այլ առաջին հերթին՝ պատասխանատվություն:
Այստեղ է, որ խիստ կարևորվում է Հատուկ քննչական ծառայության դերը: Եթե ավելի պատկերավոր ասեմ, ապա սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում դուք նաև հատուկ առաքելություն ունեք: Որքան մեծ լինեն ձեր հաջողությունները օրենքի առջև բոլորի հավասարությունը երաշխավորելու գործում, այնքան տեսանելի և զգալի կլինի երկրում արդարադատության հաղթանակը:
Արդարադատության մակարդակը հաճախ չափվում և գնահատվում է համեմատության մեջ: Շարքային քաղաքացին, համենայն դեպս, այդպես է վարվում: Եթե մարդը տեսնում է, որ չարաշահումներին տրվում է համարժեք արձագանք, ապա հասկանում է, որ պետական մարմիններն իրենց տեղում են: Իսկ երբ նա նկատում է, որ նման երևույթներն անհետևանք են մնում կամ դրանց նկատմամբ դրսևորվում է տարբերակված մոտեցում, ապա անմիջապես արձանագրում է անարդարության փաստը:
Դա տրամաբանական է: Դժվար է խոսել արդարության մասին, երբ գործնականում անհավասարության նշան է դրվում հավասարների միջև:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ արդարությունը գնահատվում է նաև այլ դիտանկյունից: Ցանկացած պաշտոնյա պետք է վստահ լինի, որ հանիրավի մեղադրանքի պարագայում ինքն օբյեկտիվ քննության արդյունքում կարող է և պետք է վերականգնի իր բարի համբավը:
Իմ համոզմամբ՝ անարդարության ցանկացած դրսևորում հիվանդություն է, ընդ որում՝ ծանր: Այն նման է քաղցկեղի. առանց միջամտության չի անցնում և ինքնաբերաբար չի բուժվում, ավելին՝ տարածվում է: Անարդարության նկատմամբ անտարբերությունը կամ պակաս ուշադրությունը կրկնապատկում է այդպիսի դրսևորումները:
Մենք պետք է վստահ լինենք, որ այստեղ ներկա յուրաքանչյուրդ՝ անկախ ձեր փորձառությունից, պաշտոնից կամ կոչումից, հասկանում եք, որ անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է: Այս տասը տարիների ընթացքում ձեր աշխատանքով հավատ եք ներշնչել, որ ունակ եք պատվով կրելու պատասխանատու այս բեռը:
Հարգելի՛ քննիչներ,
Ձեր կողմից քննվող քրեական գործերը բազմատեսակ են՝ կոռուպցիոն երևույթներից մինչև ընտրախախտումներ:
Օրենքով տրված լիազորությունների ուժով դուք առնչվում եք երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին վերագրվող ենթադրյալ իրավախախտումների հետ: Դուք գործ ունեք նաև պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց, ներառյալ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից կատարված առերևույթ արարքների հետ: Միաժամանակ, օրենքով նշված հատուկ հիմքերի առկայության դեպքում ձեզ կարող են փոխանցվել իրենց հանրային հնչեղությամբ կամ բացառիկ նշանակությամբ առանձնացող գործեր, որոնց համակողմանի և անաչառ քննությունը պետք է երաշխավորված լինի:
Այլ կերպ ասած՝ ձեզ է վերապահվել պետության և հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող մի խումբ գործերի քննությունը: Դա սկզբունքայնության և ազնվության մեծ ռեսուրս պահանջող առաքելություն է: Սա խոսում է ինչպես ծառայության նկատմամբ առկա բարձր վստահության, այնպես էլ ձեզնից եղած մեծ ակնկալիքների մասին:
Կասկածից վեր է, որ ապացույցների գնահատման և փաստերի հաստատման դժվարին գործում ձեր գլխավոր ուղենիշը պրոֆեսիոնալիզմն է լինելու: Որպես ինքնուրույն պետական մարմնի ներկայացուցիչներ՝ դուք չպետք է կաշկանդվեք վարույթով անցնող պաշտոնյաների անուններով կամ նրանց պաշտոնների անվանումներով: Դուք չպետք է կաշկանդվեք, եթե անգամ նրանց մեջ կլինեն ձեր գործընկերները: Դրանում պետք է համոզված լինեն հավասարապես բոլորը՝ պետական այրերից մինչև հասարակության յուրաքանչյուր անդամ: Հատուկ քննչական ծառայության ծանրակշիռ նվաճումների մասին մենք կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ հանրության շրջանում կամրապնդվի «բարձր պաշտոնն անձեռնմխելիության երաշխիք չէ» սկզբունքի գիտակցումը:
Հակակոռուպցիոն պայքարը մեզ համար ազգային անվտանգության հարց է, որին այլընտրանք պարզապես չկա: Մեր առաջնային խնդիրներից են շարունակում մնալ այս երևույթին արդյունավետ հակազդելն ու դրանում շոշափելի արդյունքներ արձանագրելը:
Վիճակագրությունը փաստում է, որ ձեր քննած գործերի գրեթե կեսը վերաբերում է կոռուպցիոն և պաշտոնական բնույթի հանցագործություններին: Ուստի, նման երևույթներին դիմակայելու ձեր քայլերը պետք է համաչափ լինեն դրանց բնույթին և տարածվածությանը:
Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ստանա շատ ավելի կոշտ, շատ ավելի խորքային և ժամանակին համահունչ դրսևորումներ: Եվ այս կապակցությամբ ձեր ծառայությունից ակնկալում ենք պատշաճ ջանասիրության ցուցաբերում:
Ձեր գործունեության առանցքային բաղադրիչներից է նաև խոշտանգումների դեպքերի քննությունը և բացահայտումը:
Մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին նվիրված իրավական փաստաթղթերում, այդ թվում՝ մեր երկրի Սահմանադրության մեջ խոշտանգման կամ նմանատիպ դրսևորումների անթույլատրելիության մասին հոդվածները սակավաբառ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ նման երևույթների դեմ պայքարը պակաս է արժևորվում կամ մղվում է հետին պլան: Համոզված եմ, որ սա հենց այն դեպքն է, երբ սեղմ բովանդակությունն ավելի է ընդգծում բացասական երևույթի դեմ զրո հանդուրժողականություն դրսևորելու անհրաժեշտությունը:
21-րդ դարում խոշտանգումների մասին կարելի է խոսել միայն զարմանքով և հակակրանքով: Այնուհանդերձ, ցավալի է, որ դրանք հազվադեպ չեն և տեղի են ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Ինձ համար ավելի ծանր է, երբ նման դեպքեր են արձանագրվում Հայաստանում:
Նախորդ տարվա համեմատությամբ 2017 թվականի ընթացքում խոշտանգումների վերաբերյալ ձեր քննած գործերի քանակը պակասել է: Սակայն այդ փաստն ինքնին մեզ համար չի կարող հուսադրող լինել: Խոշտանգման դեպքերը մեծ մասամբ թաքնված բնույթ ունեն: Այդ հանգամանքը պարզապես պարտավորեցնում է մշակել և կիրառել դրանք ի հայտ բերելու նոր և արդյունավետ մեթոդներ: Կարծում եմ, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու գործնական իրացումը մեզ թույլ կտան այս ասպարեզում զգալի հաջողություններ գրանցել և նվազագույնի հասցնել ռիսկերը:
Հարգելի՛ քննիչներ,
Բնականաբար, չեմ կարող նաև չանդրադառնալ ընտրություններին առնչվող քրեական գործերի քննություն իրականացնելու ձեր լիազորությանը:
Մեր երկրում անցկացված համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ մենք կարող ենք հավուր պատշաճի կազմակերպել ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող գործընթացներ: Հատկանշական է, որ պետականաշինության առաջընթացով պայմանավորված՝ այս գործընթացում մեզ հաջողվեց համարժեքորեն արձագանքել ենթադրյալ իրավախախտումների մասին ցանկացած ահազանգի:
Հատուկ քննչական ծառայության աշխատանքն այս ճակատում արդյունավետ եմ համարում: Դուք ցույց տվեցիք, որ պատրաստ և ունակ եք ժամանակին արձագանքելու անհատների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների յուրաքանչյուր մտահոգությանը: Դուք ոչ միայն արձագանքեցիք, այլև օրինական և տրամաբանական ավարտին հասցրեցիք քննվող քրեական գործերը:
Մենք, այնուամենայնիվ, չպետք է բավարարվենք այս ձեռքբերումով: Իշխանությունների նպատակն է անընդմեջ զարգացնել ընտրական գործընթացների ժողովրդավարական մեխանիզմները և մշտապես նվազեցնել ընտրախախտումների բոլոր հնարավոր ռիսկերը: Այստեղ Հատուկ քննչական ծառայությունը ևս պետք է իր մասնակցության ծանրակշիռ բաժինն ունենա:
Երեք տարի առաջ՝ վերանորոգված այս նոր վարչական շենքի բացման օրը, ես բարձր գնահատեցի Հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Հատկապես ընդգծեցի նախաձեռնողականությամբ զուգորդված ձեր հրապարակային և թափանցիկ աշխատաոճը:
Այս ընթացքում իմ կարծիքը չի փոխվել, քանի որ ծառայությունը շարունակում է գործել նույն ոգով: Կարծում եմ, որ դա նկատելի է թե՛ հանրության և թե՛ ձեր գործընկերների համար: Ուզում եմ համոզված լինել, որ հետագա տարիներին դուք ավելացնելու եք անհրաժեշտ ջանադրությունը, գործելու եք մարտահրավերներին համարժեք և է՛լ ավելի եռանդուն աշխատանքի արդյունքում արձանագրելու եք նոր նվաճումներ:
Կարիք չկա առանձին խոսելու ձեր շարքերում կոռուպցիոն որևէ դրսևորման անթույլատրելիության, պատշաճ համագործակցության կարևորության կամ ազնիվ ու գրագետ կադրերով ծառայությունը համալրելու անհրաժեշտության մասին: Այս խնդիրների վերաբերյալ իմ հիմնական մոտեցումներն արդեն ներկայացրել եմ իրավապահ այլ մարմինների հետ հանդիպումների ժամանակ: Բնականաբար, նույն պահանջներն արդիական են նաև ձեզ համար, իսկ ձեր առաքելությամբ պայմանավորված՝ այդ պահանջները երբեմն կարող են անգամ ավելի խիստ լինել:
Մոտ ապագայում ձեզնից ակնկալում ենք պարբերական և հիմնավորված զեկույցներ արձանագրված առաջընթացի մասին: Դրա համար ունեք բոլոր հնարավորությունները. նկատի ունեմ ինչպես օրենսդրությամբ ձեզ վերապահված բավարար գործիքակազմը, այդպես էլ ձեր մասնագիտական որակները: Ավելորդ եմ համարում ընդգծել, որ անհրաժեշտության դեպքում դուք մշտապես կարող եք ակնկալել իմ աջակցությունը:
Մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորում եմ Հատուկ քննչական ծառայության բոլոր աշխատակիցներին այս հոբելյանի առթիվ: Մաղթում եմ ձեզ արդյունավետ աշխատանք ու բարի ծառայություն:
Շնորհակալ եմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
1397 դիտում
15:37 30-10-2022
Արցախի նախագահը մասնակցել է ԱԻՊԾ կազմավորման 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
826 դիտում
23:16 28-01-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է բանակի կազմավորման 32-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Այս բաժնից
1297 դիտում
09:04 27-11-2024
Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
769 դիտում
23:16 26-11-2024
Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին
736 դիտում
22:53 26-11-2024
Մեղրիի լեռնանցքում ձյան տեղումներ են