Ֆիլիպինների նախագահ Դուտերտեն՝ Բարաք Օբամայի մասին. «Նա կորցրել է խելքը»
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգե Դուտերտեն հերթական վիրավորական արտահայտությունն է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հասցեին. նա RT-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ի իշխանությունների յուրաքանչյյուր դիտողություն, այդ թվում՝ նախագահ Բարաք Օբամայի, իր հասցեին ընկալվում է որպես որոշակի նախապայման։
«Ամեն անգամ, և հիմա, և նախկինում, երբ Միացյալ Նահանգները քննադատական խոսքեր են ուղղում մեր հասցեին կամ դիտողություն անում, դրանք ձևավորում են որպես պայման՝ եթե դուք չանեք սա կամ դա, կամ էլ եթե այսպես հանդես գաք և մեզ էլ դուր չգա, ապա մենք կդադարեցնենք մեր աջակցությունը»։
Դուտերտեն ընդգծել է, որ նույնկերպ է իրեն դրսևորում նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման. «Եվ այդ մարդն ինձ դատական հետապնդմամբ է սպառնում։ Ներողություն, նա, հավանաբար, կորցրել է խելքը»։
Նրա խոսքով՝ ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն իրեն դատական հետապնդմամբ սպառնալ, եթե այդ երկիրը Միջազգային քրեական դատարանի անդամ չի հանդիսանում։