Տավուշի մարզում կանադահայ բարերարի օժանդակությամբ բացվեց հերթական կիրակնօրյա դպրոցը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Տավուշի թեմում բուռն ընթացքի մեջ է «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում թեմի ողջ տարածքում շարունակում են Կիրակնօրյա դպրոցներ բացվել: Մինչ օրս բացվել է մոտ երկուս ու կես տասնյակ դպրոց, ևս երկու տասնյակ դպրոց կբացվի մինչև տարվա վերջ: Հերթական Կիրակնօրյա դպրոցը այսօր բացվեց Նոյեմբերյանում:
Քրիստոնեական դաստիարակությանը զուգահեռ Կիրակնօրյայում երեխաները կուսանեն կարպետագործություն, նկարչություն, փայտագործություն, շախմատ, ազգային պարերի ուսուցում:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Նոյեմբերյանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանը նշեց, որ մեկ տարի առաջ այս շինությունը ընդամենը խորդանոց էր:
«Կամաց կամաց փորձեցինք շունչ հաղորդել այս շինությանը, մեր շուրջը հավաքել երիտասարդներին, բարի և պատրաստակամ մարդկանց: ԵՎ Ամենակալ Աստված Օրհնեց մեր ընթացքը: Այս շինությունը այնքան սիրվեց բոլորիս կողմից, որ դարձավ մեր կյանքի անբաժան մասը՝ այնքան սիրելի և հարազատ, որ անվանեցինք Պապոնց տուն:
Աստծո կամոք և Օրհնությամբ Տավուշի թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի Պապոնց տունը այսօր ոչ միայն երիտասարդաց կենտրոն է, այլ նաև սոցյալ կրթական կենտրոն, որտեղ սովորում են ավելի քան 110 հայորդիներ»:
Կիրակնօրյա դպրոցը բացվել է կանադահայ Վարուժան Մանկասարեանի բարերարությամբ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի