Մահվան ելքով վրաերթ Երևանում․ 23-ամյա վարորդը Mazda-ով վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին․ վերջինը ժամեր առաջ մահացել է
                        Այսօր՝  նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Վահագն Պետրոսյանը Փափազյան փողոցի 13 հասցեի դիմաց իր վարած Mazda մակնիշի 35  AG 901 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է  ենթարկել հետիոտն՝  Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ, 39-ամյա Համբարձում Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման  կենտրոն և օգնել,  որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ այսօր ժամը 20։00-ի սահմաններում վրաերթի ենթարկվածը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում  մահացել է։
 Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները,  ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի մասին  ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու  հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն,  որտեղից պահանջել են Գ․ Խանաղյանի կողմից նախապատրաստված նյութերը։
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

