211652_close_icon
views-count2406 դիտում article-date 10:57 11-11-2016

Բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է մաքուր ձեռքեր ունենան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ամերիկացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից՝ հարգեք սևամորթներին, հարգեք կանանց, հարգեք մահմեդականներին: Եկավ մի գործիչ, որն ասում է՝ մի՛ հարգեք, ինչ ուզում եք՝ ասեք նրանց հասցեին, կորչի՛ երեսպաշտությունը: Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետև այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլև իրենց դոգմաներից դուրս մտածողներին: Եվ ի վերջո՝ բարոյական բարձր նորմերից խոսողները պետք է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր, իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես մանկապարտեզի երեխաներ են: Բայց ես, այնուամենայնիվ, կողմ եմ քաղաքական կոռեկտությանը, և ինչո՞ւ միայն քաղաքական, ընդհանրապես կոռեկտությանը: Կողմ եմ մշակույթների, գաղափարների բազմազանությանը, կողմ եմ հարգալից վերաբերմունքին բոլոր այն անձանց հանդեպ, որոնք ինձնից ինչ-որ բանով տարբերվում են: Կասեք՝ հնացած մոտեցում է, հիմա, երբ ողջ աշխարհում սրվել են բոլոր տեսակի հակասությունները: Կամ, ինչպես որ հայերն են սիրում ասել, «հիմա, երբ ազգիս վիճակն օրհասական է»: Բայց նույն բաները՝ հակասությունների սրման կամ «օրհասական պահի» մասին ասվում են 25-30 դար շարունակ, և դրանք ասվում են ոչ միայն հայերի, այլեւ բոլոր ազգերի կողմից: (Հիմա Թրամփի կողմնակիցներն ասում են՝ «մեզ 30 տարի թալանել են»: Ուրեմն՝ Ամերիկայում նո՞ւյնպես «ալան-թալան» կա): Գուցե այդպես ասողնե՞րն են հակասությունները սրում կամ «պահը օրհասականացնում»: Ուրիշ հարց, որ պետք է կոռեկտ լինել անկեղծորեն, «ի սրտե», ոչ թե ինչ-որ արտաքին, պարտադրված դոգմաների ճնշման տակ: «Կոռեկտ» նշանակում է նաև ճիշտ, իրավիճակին համապատասխան: Եթե ես ժամանակը չափում եմ կիլոգրամներով, իսկ քաշը՝ կիլոմետրերով, դա կոռեկտ չի: Մեր վեճերն էլ կոռեկտ չեն: Այս պահին Ֆեյսբուքում ամեն երկրորդ «ստատուսը» 1000 դրամ հավաքելու մասին է: Գաղափարն իսկապես լուրջ լրամշակման կարիք ունի: Բայց այդ «ստատուսների» 90 տոկոսի դեպքում հակափաստարկը հնչում է մոտավորապես այսպես՝ «գնացեք, այդ փողը հարուստներից խլեք»: Որպես պոպուլիզմ՝ հրաշալի է հնչում, որպես ճանապարհ փակուղային է. մենք դա արդեն անցել ենք: Որ պետք է գումարներ հանգանակվեն հանուն մեր բանակի՝ դրան ես երկու ձեռքով կողմ եմ: Պարզապես այդ գաղափարն իրագործելու համար պետք է գտնել օրինական և տրամաբանական մեխանիզմներ: Իսկ ամենակարևոր բաղադրիչն այս հարցում վստահությունն է: Դրա դեֆիցիտը շատ է զգացվում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր