211652_close_icon
views-count2335 դիտում article-date 17:52 10-11-2016

Հայ դպրոցականը նամակագրության միջազգային շարադրությունների մրցույթում արժանացել է հատուկ հավաստագրի

Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից անցկացվող նամակագրության միջազգային շարադրությունների մրցույթում, որին մասնակցել են ՀՓՄ անդամ 192 երկրների 9-15 տարեկան աշակերտներ, Հայաստանի «Հայ կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի։ Շնորհավորելով Զավենին հեղինակավոր մրցույթում նման մրցանակի արժանանալու առթիվ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին Հայաստանից մրցույթի մասնակցած շարադրությունները կարժանանան գլխավոր՝ առաջին մրցանակի։ «Մենք ունենք տաղանդավոր սերունդ, մեծ ցանկություն և ներուժ դրան հասնելու համար»,- ընդգծեց Գ. Թադևոսյանը։ «Հայփոստ» ընկերության կենտրոնական գրասենյակում նոյեմբերի 10-ին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը Զավեն Անտոնյանին հանձնեց միջազգային ժյուրիի կողմից ուղարկված հավաստագիրն ու նվերները։ Իսկ Գ. Թադևոսյանը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից Զավենին նվիրեց «Աշխարհի հրաշալիքները» գիրքը։ Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) կողմից այս տարի անցկացված շարադրությունների մրցույթը, որի թեման էր «Գրի´ր նամակ ինքդ քեզ 45 տարեկան հասակում», նվիրված էր Նամակագրության միջազգային մրցույթի 45- ամյակին: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր