Քլինթոնի նամակներում քրեական ոչինչ չի հայտնաբերվել. ՀԴԲ ղեկավար
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմին իրազեկել է ԱՄՆ Կոնգրեսին այն մասին, որ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը քրեական բնույթ չի կրում և խորհուրդ է տվել որևէ մեղադրանք չներկայացնել նրան, հաղորդում է BBC-ն։
«Մենք ուսումնասիրել ենք Հիլարի Քլինթոնի՝ պետքարտուղար եղած ժամանակահատվածում նրա կողմից և նրան ուղարկված բոլոր նամակները։ Մեր ստուգումների հիման վրա չենք փոխել մեր եզրակացությունը, որ արել էինք այս տարվա հուլիսին»,-ասված է Կոնգրեսի անդամներին ուղղված ՀԴԲ-ի ղեկավարի նամակում։
Հիշեցնենք, որ սկանդալը բարձրացել էր 2015 թվականի մարտին, երբ պարզվել էր, որ Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ պետական բնույթի նամակներ է ուղարկել իր անձնական էլեկտրոնային հասցեից։