211652_close_icon
views-count3466 դիտում article-date 16:36 06-11-2016

Տեղի է ունեցել պաշտպանության և անվտանգության ոլորտին առնչվող հարցերով ԼՂՀ ԱԺ և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստը

ԼՂՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում նոյեմբերի 6-ին տեղի է ունեցել Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության ու ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ԼՂՀ ԱԺ նախագահի և փոխնախագահի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում մշտական հանձաժողովների նախագահներ Ժաննա Գալստյանը և Կորյուն Նահապետյանն ամփոփել են նոյեմբերի 4-6-ը ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների այցի ծրագրի շրջանակում իրականացրած աշխատանքների արդյունքները: Նշենք, որ երկու խորհրդարանների հանձնաժողովների անդամները այդ ընթացքում եղել են մի շարք զորամասերում, մարտական դիրքերում, հանդիպումներ են ունեցել շրջանների վարչակազմերի և ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ: Խոսելով խորհրդարանական համագործակցությունից՝ Կորյուն Նահապետյանն ընդգծել է խնդիրների օպերատիվ քննարկման անհրաժեշտությունը: «Շատ կարևոր է, որ մենք ճիշտ ժամանակին կարողանանք մտքերի փոխանակում կազմակերպել, կարծիքներ ձևավորել և հանդես գալ համապատասխան նախաձեռնություններով՝ այդ թվում նաև օրենսդրական: Դաշտում կան նաև չկարգավորված խնդիրներ, որոնք պահանջում են լուծումներ, իսկ այստեղ խորհրդարանականների դերը մեծ է»: Գոհունակություն հայտնելով երկու հանձնաժողովների համագործակցության աշխատանքներից՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այն օրինակելի է համարել միջխորհրդարանական համագործակցության համար: «Խորհրդարանների ղեկավարության անունից պատրաստակամություն եմ հայտնում համագործակցության այսպիսի նախաձեռնություններին մշտապես աջակցել և անել ամեն ինչ, որպեսզի դրանք գործնական արդյունքի հասնեն»,-նշել է ԼՂՀ ԱԺ նախագահը: Նիստի ընթացում պատգամավորները քննարկել են երկու հանձնաժողովների հետագա անելիքները և ուրվագծել մի շարք ուղղություններ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Նմանատիպ նյութեր