211652_close_icon
views-count11596 դիտում article-date 23:26 02-11-2016

Ֆրանսուա Վիյոն՝ գող, մարդասպան և պոետ

Միջնադարյան հայտնի գող, ավազակ, մարդասպան և բանաստեղծ Ֆրանսուա Վիյոնը (ֆր.՝ François Villon) որբանում է ծնվելուց մի քանի ամիս անց: Մայրը երեխային տալիս է եկեղեցուն: Վանքում Ֆրանսուային որդեգրում է վարդապետ Գիյոմ Վիյոնը: Ֆրանսուան վերցնում է վարդապետի ազգանունը: Նախնական վանական կրթություն ստանալուց հետո սովորում է Սորբոնի համալսարանի արվեստների ֆակուլտետում, 1452 թվականին ստանում արվեստների մագիստրոսի կոչում: Սակայն երիտասարդ Ֆրանսուան անհանգիստ բնավորություն ուներ, կռվարար էր և ժամանակի մեծ մասն անցկացնում էր փողոցային կռիվների մեջ: 1455թ. 23-ամյա Ֆրանսուա Վիյոնը աղջկա համար կռվի է բռնվում մի երիտասարդ վանականի հետ: Կռվի ժամանակ երիտասարդ վանականը դանակով կտրում է Վիյոնի շրթունքը, իսկ Վիյոնը քարով հարվածում է հակառակորդին: Վերջինս մի քանի օր անց մահանում է: Հետապնդումից խուսափելու համար Վիյոնը փախչում է քաղաքից: Մի քանի ամիս անց Կարլոս 7-րդը (Ֆրանսիայի թագավոր 1422-1461թթ.) ներում է շնորհում Վիյոնին: Իսկ 1456թ. Սուրբ Ծննդյան գիշերը Վիյոնն ու նրա երկու ընկերները թալանում են Նավարայի քոլեջը, տանելով 500 էքյու (ոսկեդրամ, 1 էքյուն կշռում էր 3,375գ): [img]/ups/images/0994234001478026948968120.jpg[/img] [i]Ֆրանսիական էքյու[/i] Հանցագործությունը բացահայտվում է 1457թ. մարտին: Նրա հանցակիցները ձերբակալվում են, իսկ Վիյոնը կարողանում է փախչել: Փախչելուց առաջ Վիյոնը գրում է «le Lais» պոեմը (ընթերցողները հետագայում անվանում են «Փոքրիկ կտակ»), որը թափառաշրջիկ ուսանողի երգիծական խոստովանություն է, իրավաբանական փաստաթղթերի ծաղրերգություն, հեգնանքով, կոպիտ հումորով հագեցած ռեալիստական ստեղծագործություն, բաղկացած 320 տնից: [img]/ups/images/016317900147802696030222.jpg[/img] [i]«Le Lais» պոեմի շապիկը, տիտղոսաթերթը, նկարազարդված առաջին էջը[/i] Նրա առաջին պոեմը մեծ ժողովրդականություն է ձեռք բերում: Հետագա տարիները Վիյոնն անցկացնում է Ֆրանսիայի տարբեր մարզերում: Որոշ ժամանակ ապրում է Օռլեանի հերցոգ Կառլ Օռլեանցու դղյակում: Այդ տարիներին Վիյոնը գրում է «Աղբյուրի մոտ ծարավից մեռնում եմ» հայտնի պոեմը (այդ պոեմը ճանաչվում է լավագույնը Օռլեանում անցկացվող պոեզիայի մրցույթում), ինչպես նաև մի շարք բանաստեղծություններ, որոնք վերնագրված են՝ «Բալլադ Բլուայում պոետական մրցակցության մասին»: [img]/ups/images/0152964001478026974154374.jpg[/img] [i]Ֆրանսուա Վիյոնի արձանը Նիդերլանդներում[/i] Փախած ժամանակ ընկերանում է ժամանակի հայտնի հանցագործների հետ, մասնակցում մի շարք գողությունների և փողոցային կռիվների: Փողոցային թափառաշրջիկները նրան անվանում էին «Կերակրող հայր», որովհետև նա մշտապես կարողանում էր հայթայթել մի տակառ գինի կամ մի մեծ կտոր ազդրամիս: 1461թ. Վիյոնը կրկին կալանավորվում է: Այս անգամ Վիյոնին ներում է շնորհում Լյուդովիկոս 11-րդը (Ֆրանսիայի թագավոր 1461-1483թթ): Ի նշան երախտագիտության, Վիյոնը թագավորին մաղթում է 12 որդի ունենալ: 1462թ մասնակցում է մի մեծ գողության, սակայն ապացույցների անբավարարության պատճառով ազատ է արձակվում: Բանտում 1462թ. սկսում է գրել «Testament» պոեմը (ընթերցողների կողմից անվանվում է «Մեծ կտակը»), ընդմիջարկված բալլադներով («Բալլադ անցած ժամանակների կանանց մասին», «Փարիզի կանայք», «Մեծ Սարգոն» և այլն), բաղկացած է 2023 տնից: Հատկանշական են փարիզյան հատակի կյանքի ռեալիստական տեսարանները, իրական և տպավորիչ են խռովարար թափառաշրջիկների, գողերի, պոռնիկների, հարբեցող կրոնավորների և այլոց բնութագրումները: [img]/ups/images/0230712001478026988301492.jpg[/img] [i]«Testament» պոեմի ձեռագիրը, առաջին հրատարակության շապիկը[/i] «Testament»-ը Վիյոնի ամենամեծ և ամենահայտնի ստեղծագործությունն է: Վիյոնին խորթ չեն նաև հայրենասիրական տրամադրությունները («Բալլադ ընդդեմ Ֆրանսիայի թշնամիների»): Վիյոնի բանաստեղծությունները ճկուն են և երաժշտական: Լեզուն ընդգրկում է քաղքենիների խոսվածքը, գողերի ժարգոնը, ուսյալ Սորբոնի ճարտասանությունը, հնաբանությունները, ասպետական նկարագրությունները: Մի քանի ամիս անց նրա ընկերները փողոցում ծեծում են մի նոտարի, ձերբակալվում է նաև Վիյոնը, ենթարկվում ջրով կտտանքի և դատապարտվում կախաղանի: Բանտում գրում է «Կախաղան հանվելուց առաջ բալլադը»: Դատարանում հայտարարում է, որ ծեծին չի մասնակցել, բայց եթե մի քանի ժամով բաց թողնեն, կարող է գտնել և ծեծել այդ նոտարին, որպեսզի դատարանի վճիռն անարդար չլինի: Դատավորը գնահատում է Վիյոնի հումորը և վերանայում մահապատժի դատավճիռը: [img]/ups/images/0823531001478027000209040.jpg[/img] [align=center]Կախաղան հանվելուց առաջ (թարգմ. Միշել Փոլադյանի) Եղբայրներ, դուք, որ կենդանի եք դեռ, Մի լինեք քարսիրտ, մի լինեք դաժան, Քանզի թե ներեք, գութը շարժի ձեր, Կխղճա, գիտեմ, մեզ տերն անպայման: Հինգ-հինգ կախված ենք մենք միշտ անբաժան, Ի՞նչ մնաց կյանքից, ի՞նչ, ով եղբայրներ, Միայն գարշահոտ, փտած դիակներ: Լոկ մոխիր ենք մենք, կամ փոշին հողի, Ծիծաղելի չէ, օ, ո՛չ, տեսքը մեր, Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի: Իսկ թե, եղբայրներ, մենք ձեզ աղերսենք, Մի արհամարհեք դուք մեռելներիս, Գուցե լսել եք, որ ամենուրեք, Դե, շատ են մարդիկ և՛ անգութ, և՛ խիստ: Այնժամ աղերսը ձեր խոհեմ հղեք Ամենակալին՝ Հիսուս Քրիստոսին, Կների նա մեր նախկին կյանքը սին, Դժոխքի բոցին գուցե չի թողնի, Չէ՞ որ տանջվում ենք անհույս ու լռին, Աղոթենք Աստծուն, որ մեզ ողորմի: Ցողեց ու լվաց զով անձրևը մեզ, Արևը խանձեց բոլորիս մաշկը, Սև ագռավը մեր մորուքը փետեց, Փորփրեց-հանեց մեր միակ աչքը: Էլ չենք նստելու: Ո՞րն է արարքը Մեր աններելի: Քամին անդադրում Փչում է ուժգին, ու տարուբերում, Խոցոտված ենք մենք բոլոր կողմերից, Անդարման ցավից մեր եղեք հեռու, Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի: Ուղերձ Ով Հիսուս Քրիստոս, դու տեր երկնավոր, Տուր խաղաղություն, հանգիստ ու անդորր, Մի՛ նետիր դժոխք սարսափներով լի: Մի հեգնեք մարդիկ, ի՞նչ կա անսովոր, Աղոթեք Աստծուն, որ մեզ ողորմի:[/align] Վիյոնի մահապատիժը փոխարինվում է Փարիզից արտաքսման: Ֆրանսուա Վինյոնը դուրս է գալիս Փարիզից 1463թ. հունվարի 5-ին և անհետանում: Վիյոնի բանաստեղծություններն առաջին անգամ հրատարակել է փարիզյան հրատարակիչ Պիեռ Լևը 1489թ.: Նրա պոեզիան նկատելի ազդեցություն է թողել միջնադարյան գրականության և բարոյախոսության վրա: Նրա ողբերգական, արկածներով լի կյանքը բանաստեղծական ու ռոմանտիկ բազում մեկնաբանությունների թեմա է դարձել: [img]/ups/images/0600147001478027025952183.jpg[/img] [i]Կադրեր «Ես՝ Ֆրանսուա Վիյոնը, գող, մարդասպան և պոետ» ֆիլմից[/i] Ֆրանսուա Վիյոնի մասին ստեղծագործություններ են գրել Վիկտոր Հյուգոն, Ռոբերտ Սթիվենսոնը, Բերտոլտ Բրեխտը և այլն: Բուլատ Օկուջավան գրել է «Ֆրանսուա Վիյոնի աղոթքը» երգը: i987թ. նկարահանվել է «Ֆրանսուա Վիյոնի կյանքը» երկմասանոց ֆիլմ, իսկ 2010թ. նկարահանվել է «Ես` Ֆրանսուա Վիյոնս, գող, մարդասպան, պոետ» (Je, François Villon, voleur, assassin, poète) ֆիլմը:

Նմանատիպ նյութեր