211652_close_icon
views-count12085 դիտում article-date 23:18 26-10-2016

Ճապոնիայի պատմության ամենախոշոր գողությունը դեռևս բացահայտված չէ․ հետաքրքիր փաստեր

1968 թվականի դեկտեմբերի 10-ին «Նիխոն Սինտակու Գինկո» բանկի չորս աշխատակից 294 307 500 իեն (մոտ 817 520 ԱՄՆ դոլար) էին տեղափոխում մեքենայի բեռնախցիկում։ Գումարը, որը դրված էր 4 մետաղյա արկղերում, Տոշիբա ընկերության գործարաններից մեկի գումարն էր, որը որպես պարգև պետք է տրվեր աշխատակիցներին։ Փողոցներից մեկում՝ քաղաքային բանտից ոչ շատ հեռու, մեքենան կանգնեցրեց ոստիկանական մոտոցիկլետով մի մարդ, որը ոստիկանական համազգեստ էր հագել։ Տղամարդը բանկի աշխատակիցներին հաղորդեց, որ հենց նոր պայթեցվել է իրենց բանկի կառավարչի տունը և որ ըստ ոստիկանության՝ մեքենայում ևս պայթուցիկ կա։ Բանկի աշխատակիցները դուրս եկան ավտոմեքենայից, իսկ տղամարդը մեքենայի տակ մտավ։ Մի քանի վայրկյան անց մեքենայի տակից կրակ երևաց, այնուհետև՝ ծուխ։ «Ոստիկանը» դուրս ցատկեց ճչալով, որ հիմա ամեն ինչ կպայթի և սպասելով, մինչև բանկի աշխատակիցները փախան դեպի բանտի պատը՝ նստեց վերջիններիս ավտոմեքենան և ուղևորվեց անհայտ ուղղությամբ։ Հետաքննությունը վիթխարի ջանք գործադրեց հանցագործին գտնելու ուղղությամբ։ Ներգրավվեց 170000 ոստիկան, որոնք հարցաքննեցին 110000 կասկածյալի և ամբողջ երկրով տարածեցին հանցագործի 780000 ֆոտոռոբոտ։ Հետաքննությունը եկավ այն եզրահանգման, որ փախչելով հանցանքի վայրից՝ ավազակը գնացել է մոտակա թաղամաս, որտեղ փողով արկղը դրել է մեկ այլ ավտոմեքենայի մեջ, որն էլ ավելի ուշ տեղափոխել է երրորդ մեքենայի մեջ։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվեց 120 հանցանշան, որոնցից որոշները, ըստ ոստիկանության, հանցագործը դիտավորյալ էր թողել, որպեսզի շեղի հետաքննությունը։ Գողության հետաքննությունը շարունակվեց 7 տարի․ հենց այս ժամկետն է սահմնավել ճապոնական օրենսդրի կողմից նմանատիպ հանցանքների համար։ Ավազակն այդպես էլ չբացահայտվեց, իսկ գումարը՝ չգտնվեց։ Հանցագործի անձի հաստատման հետագա փորձերը կատարեցին լրագրողները, սական նրանցից և ոչ ոք չկարողացավ վստահորեն ապացուցել իր վարկածը։ 1988 թվականին սպառվեց վաղեմության և հանցանքի քաղաքացիաիրավական պատասխանատվության ժամկետը՝ ավազակին հնարավորություն տալով բացեբաց խոստովանել իր արարքը՝ առանց վախենալու, որ դրա համար պատիժ կկրի։ Այդուհանդերձ, հանցագործն այդպես էլ մնաց անհայտ։

Նմանատիպ նյութեր