211652_close_icon

Ադրբեջանը ստիպված է լինելու ճանաչել Արցախի անկախությունը. Էդուարդ Շարմազանով

views-count1702 դիտում article-date 18:41 25-10-2016
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Հարգելի խորհրդարան, Քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերից են մնում արտաքին քաղաքական եւ անվտանգության խնդիրները, մասնավորապես ԼՂ հակամարտության շուրջ վերջին զարգացումները: Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներից հետո Ադրբեջանը փորձեց խույս տալ ձեռքբերված պայմանավորվածություններից եւ համանախագահների՝ տարածաշրջան այցին ընդառաջ դիվերսիոն փորձ կատարեց երկու ուղղությամբ՝ տակավին ձախողվելով: Ադրբեջանի նման դիրքորոշումը դատապարտելի է եւ ցույց է տալիս, որ առաջին, այդ երկրի իշխանությունները պատրաստ չեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, երկրորդ, ԼՂՀ Պաշտպանության բանակն ամբողջությամբ իրականացրեց իր վրա դրված պարտականությունները՝ հետ շպրտելով հակառակորդին: Ավելորդ չեմ համարում եւս մեկ անգամ նշել, որ հայկական կողմերը դեմ են հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձի, խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացմամբ: Հարգելի գործընկերներ, Սակայն, արի ու տես, որ այս ամենով հանդերձ, Ադրբեջանի ղեկավարը, հարցազրույց տալով ռուսական լրատվամիջոցին, նշում է, որ Լեռնային Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ: Եվս մեկ անգամ նշեմ. Ադրբեջանը չէ Արցախին կարգավիճակ շնորհողը: Արցախն իր որոշումը կայացրել է, եւ Արցախի միջազգային ճանաչման հարցն ընդամենը ժամանակի հարց է: Ուշագրավ է, որ Ալիեւի այս հայտարարությունից ընդամենն օրեր անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնեցին Ստեփանակերտ եւ հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Իրենց՝ Ստեփանակերտ կատարած այցով համանախագահները ցանկացան ընդգծել, որ առանց Արցախի անհնար է առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: Ավելին՝ ամերիկացի համանախագահ Ուորլիքը Երեւանում նշեց, որ խնդրի առանցքում ընկած է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցը՝ հանրաքվեի ելքով: Ադրբեջանը ստիպված է լինելու վաղ թե ուշ ճանաչել Արցախի անկախությունը: Շնորհակալություն ուշադրության համար»:

Նմանատիպ նյութեր