211652_close_icon
views-count2488 դիտում article-date 18:50 24-10-2016

Ակնհայտ սուտ մատնություն. քննիչները հանիրավի մեղադրվել են հանցագործության կատարման մեջ

Քաղաքացիներ Աշոտ Հովհաննիսյանը և Արման Ստամբոլցյանը հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կասկածյալ, հայերեն գրավոր լեզվին չտիրապետող Աշոտ Հովհաննիսյանի առաջին հարցաքննությանը և վերջինիս մասնակցությամբ կատարված առերեսումներին թարգմանիչ չի մասնակցել, սակայն ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ վարչության քննիչներ Արսեն Մկրտչյանը և Վիգեն Մարտոյանը արձանագրություններում կեղծ տեղեկություններ են մտցրել քննչական գործողություններին թարգմանիչ Գ. Ավագյանի մասնակցության մասին, իսկ վերջինս նույն արձանագրություններում իրականությանը չհամապատասխանող գրառում է կատարել և ստորագրել՝ հավաստելով իր կողմից թարգմանություն կատարելու հանգամանքը: Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Հովհաննիսյանի և Ա. Ստամբոլցյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Նախաքննության ընթացքում իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հերքվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ դիմումատուներ Ա. Հովհաննիսյանը և Ա. Ստամբոլցյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել են քննիչներ Ա. Մկրտչյանին և Վ. Մարտոյանին: Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչներ Ա. Մկրտչյանի և Վ. Մարտոյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: Միաժամանակ, ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր