211652_close_icon
views-count3414 դիտում article-date 18:04 22-10-2016

Մեկնարկել է «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային ծրագրի երրորդ փուլը

Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում ներառված «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համա­կարգի ներդրման պիլոտային ծրագիրը մեկնարկել և իրականացվել է 2015 թվականին, որին մասնակցել են ՀՀ Տավուշի, Սյունիքի, Արարատի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների հիմնական դպրոցների և ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերի միջին դասարաններում սովորող աշակերտներ: Ծրագրի մասնակիցներին պարբերաբար միացել են Երևանի հանրակրթական դպրոցների աշակերտներ, ինչպես նաև սիրիահայ երեխաներ և մանկատների սաներ՝ Երևանից և Գավառից: Երեխաներն այցելել են մի շարք թանգարաններ, դիտել են ներկայացումներ ու ֆիլմեր, ունկնդրել համերգներ: Միաժամանակ, երեխաների համար Երևանում կազմակերպվել են գիտաճանաչողական այցելություններ` Ծիծեռնակաբերդի, «Մայր Հայաստան» հուշահամալիրներ, Կոմիտասի անվան պանթեոն: Ընդհանուր առմամբ ծրագրին մասնակցել է 2931 աշակերտ: Հաշվի առնելով ծրագրի դրական արձագանքները և հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երեխաների հոգեվիճակի կայունացման հանգամանքը՝ էլ ավելի է կարևորվում ծրագրի իրականացումը՝ ներգրավելով նաև ԼՂՀ-ն և հատկապես Թալիշը, Մարտակերտը, Մատաղիսը: 2016 թվականին «Մշակութային կազմակերպություն-դպրոց» ծրագիրն իրականացվում է երեք փուլով. ծրագրի երկու փուլերն իրականացվել են մայիս-հունիս և սեպտեմբեր ամիսներին, որին մասնակցել է 1160 երեխա՝ ՀՀ մարզերից և ԼՂՀ-ից: Երրորդ փուլի մեկնարկը տրվեց ս. թ. հոկտեմբերի 20-21-ին և իրականացվում է շուրջ 800 աշակերտի ներգրավմամբ՝ 5 այցերի միջոցով /հոկտեմբերի 20-21-ին, հոկտեմբերի 27-28-ին, նոյեմբերի 3-4-ին, նոյեմբերի 10-11-ին, դեկտեմբերի 25-26-ին/: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝ կծանոթանան Կոմիտասի կյանքին, գործունեությանը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությանը: Առնո Բաբաջանյան համերգասրահում կունկնդրեն Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի ելույթը: Հայաստանի ազգային պատկերասրահում կծանոթանան հայկական և եվրոպական գեղանկարչությանը, Հայաստանի պատմության թանգարանում՝ Հայաստանի նախապատմական ժամանակներից եկող մշակույթին ու պատմությանը: Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն նաև Կոմիտասի անվան պանթեոն, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Կշրջեն Հյուսիսային պողոտայով, Ազատության հրապարակում, Կարապի լճի տարածքում և Հաղթանակի զբոսայգում:

Նմանատիպ նյութեր