Հայ-էկվադորական մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Էկվադորում ստորագրվել է հայ-էկվադորական մշակութային համագործակցության վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում ասաց «Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը:
Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է Վ. Հարությունյանը, Էկվադորի կողմից՝ «CASA DE LOS PUEBLOS» հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Աուգուստա Կալլեն, ով Էկվադորի Ազգային ժողովի պատգամավոր է և ղեկավարում է նաև ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը:
Ըստ ստորագրված համաձայնագրի՝ երկու կազմակերպությունները պետք է իրենց ուժերի ներածին չափով նպաստեն երկու պետությունների մշակութային մերձեցմանը՝ Էկվադորում ներկայացնելով հայկական, իսկ Հայաստանում էկվադորական մշակույթը, միևնույն ժամանակ հանդես գալով նաև համատեղ նախագծերով:
Բացի դրանից՝ երկու կազմակերպությունները հանձն են առել միմյանց կառավարությունների ուշադրությունը հրավիրել հայ-էկվադորական մշակութային համագործակցության կարևորության վրա:
«CASA DE LOS PUEBLOS»-ը էկվադորյան ամենից հայտնի ՀԿ-ներից է, որի հիմնադիրը Էկվադոր պետությունն է: Կազմակերպության հիմնական նպատակներից է էկվադորյան մշակույթն ամբողջ աշխարհում ներկայացնելը և տարածելը:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն հայտնել էինք, հայկական պատվիրակությունը՝ Վարդան Հարությունյանի գլխավորությամբ, Էկվադորում մասնակցում էր լատինամերիկյան ձախակողմյան քաղաքական ուժերի համաժողովին: