211652_close_icon
views-count1906 դիտում article-date 10:40 07-10-2016

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առթիվ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ, որում ասվում է. «Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, գրադարանային գործի հարգարժան մասնագետներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու եւ հաճախ նաեւ առաջնորդ` դուք հարգանք եք ձեւավորում թե ձեր, թե երբեք չարժեզրկվող գրի ու գրականության հանդեպ: Ձեր ընտրած մասնագիտությունը եւ կատարած աշխատանքը բարոյական իմաստ ու հասարակական նշանակություն ունեն, որովհետեւ դուք ոչ միայն արժեքներ եք պահպանում ու տարածում, այլեւ իսկապես դավանում այդ արժեքները: Մարդիկ ու գրքերը դարձել են ձեր կյանքի անբաժանելի մասը, որոնց դուք կապում, հասցնում եք իրար` երկուսին էլ հավատարիմ մնալով, երկուսին էլ հարազատի սրտացավությամբ ընդունելով, երկուսի միտքն ու խոսքն էլ անմիջականորեն ընկալելով: Նաեւ ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը` յուրատեսակ գանձարան, որը դուք տնօրինում եք արժանապատվորեն, խելամտորեն ու ստեղծագործաբար` այնտեղ եղած հարստությունից բաժին հանելով նաեւ այլոց: Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն ուրույն մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ` գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի եւ շնորհակալության անկեղծ խոսքերի: Ընդունեք, խնդրեմ, այդ ամենը բարեմաղթանքներիս հետ միասին: Առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք ձեզ»։

Նմանատիպ նյութեր